«Անհետ կորած զինծառայողներ ունեցող ընտանիքները այս պահին պետք է դիմեն դատարան»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը, պարզաբանելով, թե ինչու անհետ կորածների մի մասը դեռ չեն ստացել աջակցություն:

«Փետրվարի 10-ից հետո արդեն իսկ կկարողանան, այսինքն՝ իրավունք ունեն դիմել դատարան և դատարանից խնդրել, որ դատարանը անհայտ բացակայող ճանաչի իրենց զինծառայողին: Ասեմ ավելին, որ մենք պայմանավորվածություն ունենք Փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի հետ, որպեսզի նրանք անվճար սպասարկեն քաղաքացիներին  և այդ իրավաբանական փաստաթղթերը պատրաստեն, որպեսզի մարդիկ կարողանան դատական վճիռները ստանալ»,- ասաց Ավետիքյանը:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրենի հավաստմամբ, որոշ փաստաբանական գրասենյակներ այսօր, շատերը նույնիսկ անվճար, առաջարկում են իրենց ծառայությունները, որպեսզի քաղաքացիներին օգնեն դատական պրոցեսը անցնել։ Նա  միևնույն  ժամանակ ընդգծեց, որ պարտադիր է դատական վճիռը՝ անհայտ բացակայող կարգավիճակ ունենալու մասին: «Սա իրավական կարգավիճակ է, և մարդը պետք է ստանա այդ կարգավիճակը՝ անկախ այն հանգամանքից, թե ցանկություն ունի իր ընտանիքը հիմնադրամից հատուցում ստանալ, թե ոչ, որովհետև, դրանով պայմանավորված, որոշվում  են տվյալ զինծառայողի այլ ժառանգների իրավունքներն ու պարտականությունները»:

Նշենք, որ մինչ իրավական կարգավորումը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը  «Կամուրջ երկրորդ» ծրագիրն է իրականացնում, որպեսզի այդ վեց ամիսը` մինչ դատական պրոցեսը կավարտվի, ժամանակավոր ֆինանսավորում կատարվի. «Եվ եթե նրանք ներառված չեն մեր «Կամուրջ երկրորդ» ֆինանսավորման ծրագրում, պետք է ՊՆ-ն տեղեկացնի այդ մասին, քանի որ տվյալներն ստանում ենք ՊՆ-ի մեր գործընկերներից»:

Այս պահին հիմնադրամը 803 անհետ կորածի շահառուի  է սպասարկել. «Նախնական տվյալներով՝  անհետ կորածների թիվը 1600 էր: Ասեմ, որ այդ թիվը նվազում է, քանի որ ոմանք վերադառնում են: Հաճախ մենք ունենում ենք, որ ցուցակով ստացել ենք զինծառայողի անունը, բայց մի քանի շաբաթ անց պարզվում է, որ արդեն իսկ հուղարկավորվել է: Այս պարագայում ընտանիքին տեղափոխում ենք հիմնական ծրագիր»,- նշեց Ավետիքյանը:

 

 

23 Փետրվար, 2021 12:18
136
; ;