Մարտի 5-ին Վազգեն Սարգսյանը կդառնար 62 տարեկան։ Այդ առիթով araratnews.am-ը զրուցել է սպարապետի եղբոր՝ Արամ Սարգսյանի դստեր՝ Ծովինար Սարգսյանի հետ։
Ինչպիսի՞ն է սպարապետ Վազգեն Սարգսյանը Ձեր պատկերացումներում։
Իմ պատկերացումներում հորեղբայրս «արջի» (այդպես ինքն էր ասում իր մասին) կերպար չունի: Շատ ավելի մարդամոտ էր անձնական հարաբերություններում և ազնիվ ու մեծ նվիրումով իր գործում:
Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում, որ մեր ներկայիս սերունդը տեղեկանա սպարապետի մասին։
Սոցցանցերի միջոցով փորձում ենք տարածել նրա գաղափարները, նրա պատմվածքները, նկարները: Կարծում եմ՝ ներկայիս սերունդը արդեն իսկ գնահատում է նրա դերը հայոց պատմության մեջ:
Ի՞նչ են պատմել Ձեզ ձեր հորեղբոր մասին։
Ընտանեկան մի պատմություն պատմեմ։ Հորեղբորս տունը կառուցելուց հետո, երևի թե նոր էին տեղափոխվել այդ տուն, հորեղբայրս քույրիկներիս ու եղբայրներիս հետ սկսել են ջերմուկով ջրոցի խաղալ, հաշվի չառնելով, որ տունը նոր է վերանորոգված։ Ամբողջ պատերը թացացել էին, ու հենց այդ պահին, երբ տեսել է, որ տատիկն է գալիս, ասել է․ «Երեխեք փախանք, տատին եկավ», ու առաջինը ինքն էլ վազել է, որ տատիկը չջղայնանա։
Ինչ-որ գողտրիկ պատմություն պատմե՞լ են Ձեզ, որ դեռ ոչ ոք չգիտի սպարապետի մասին։
Կարծում եմ՝ անհնար է մեծանալ նույն տանը, որտեղ ինքն է ապրել, և չիմանալ ավելի ընտանեկան պատմություններ: Տատիկս շատ էր սիրում պատմել հորեղբորս մասին: Տան մեծերը միշտ փորձել են մեր հիշողություններում վառ պահել նրա կերպարը:
Հորեղբայրս իր տեսակով շատ նրբանկատ է եղել ու բոլորի հանդեպ միշտ ուշադիր։ Փորձել է ցանկացած հավաքների ընթացքում բոլորի հետ հասցնել շփվել, զրուցել։ Մի գեղեցիկ պատմություն պատմեմ։ Տատիկիս 60-ամյակին, երբ միջոցառումն արդեն վերջացել էր, և բոլորը պետք է տուն գնային, հորեղբայրս սրահում գտնվող բոլոր կանանց ծաղկեփունջ է նվիրել։
Վ․ Սարգսյանի թանգարանում այսօր ի՞նչ առանձնահատուկ նմուշներ են ցուցադրվում, որոնք երիտասարդներին հաղորդակից են դարձնում սպարապետի գործունեությանը։
Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանում նրա ամբողջ կյանքն է ցուցադրված՝ օրորոցից մինչև տատիկիս պատրաստած վերջին գաթան, որը այդպես էլ մնացել էր նրա սեղանին:
Ձեր կարծիքով, մեր երիտասարդ սերունդը այսօր բավարար պատկերացում ունի՞ սպարապետի ու իր ժամանակակիցների գործունեության մասին։
Կարծում եմ՝ այո: Պատերազմը էլ ավելի արժևորեց նրանց գործունեությունը և էլ ավելի մեծ հետաքրքրություն առաջացրեց հասարակության մեջ:
Զարմիկներից ո՞վ է բնավորությամբ ավելի շատ նման հորեղբորը։
Մենք դեռ երկար ճանապարհ պետք է անցնենք նրան նմանվելու համար: Այնուամենայնիվ, բոլորս էլ ունենք բնավորության գծեր, որոնք նման են:
Վ․ Սարգսյանի զարմուհին լինելը Ձեզ լրացուցիչ պարտավորությունների և պատասխանատվության առջև կանգնեցնու՞մ է։
Միանշանակ պատասխանատվությունը շատ մեծ է, ամեն քայլից առաջ միշտ իր մասին ենք մտածում, բայց կարող եմ ասել՝ հաճելի պատասխանատվություն է: Իր հետ կապված ամեն ինչն է հաճելի:
Տեղյակ ենք, որ հատկապես դուք ուսումնասիրում եք Ձեր հորեղբոր լուսանկարների արխիվը։ Դեռևս չհրապարակված լուսանկարներ կա՞ն արխիվում, որոնք հետագայում հանրությանը հասանելի կլինեն։
60-ամյակին քույրս՝ Գրետան, ցուցահանդես էր կազմակերպել թանգարանում: Իհարկե դեռ կան չհրապարակված նկարներ, որոնք ժամանակի ընթացքում անպայման կհրապարակվեն:
Հայտնի է, որ սպարապետը նաև երգում էր, օրինակ՝ նրա կատարումներից ո՞րն եք ավելի շատ լսում և հավանում։
Եթե հարցնեիք, որ տեսահոլովակն եմ ամենաշատ սիրում, անկասկած տալու էի նույն պատասխանը: Երգի անունը, եթե չեմ սխալվում՝ «Դու հեռացար»: Այս երգի ամենագեղեցիկ կատարումն է իմ համար:
Երբևիցե սպայի կյանքով ապրելու ցանկություն ունեցե՞լ եք։
Երբեք այս հարցի շուրջ չեմ մտածել: Երևի՝ ոչ: Հայրենիքին կարելի է ծառայել ցանկացած մասնագիտության պարագայում:
Եթե Ձեզ նման հնարավորություն ընձեռվեր ինչ-որ բան ասելու Վազգեն Սարգսյանին, ի՞նչ կհարցնեիք ձեր հորեղբորը։
Կասեի, որ իմ կյանքի ամենամեծ երազանքը նրան տեսնելն է եղել, և պինդ կգրկեի:
Հեղինակ՝ Թագուհի Մանուկյան