Լիբանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Շարբել Վեհբեն երախտագիտության խոսք է հայտնել Ադրբեջանի կողմից գերեվարված լիբանանահայ Մարալ Նաջարյանի ազատ արձակման ու Լիբանան վերադարձի ուղղությամբ ջանքեր ներդրած կառույցներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Լիբանանի ազգային գործակալությունը:

«Վեհբեն շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ում ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել Նաջարյանի ազատ արձակումը, մասնավորապես՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությանը, Ադրբեջանին և Հայաստանին»,- ասվում է ազգային գործակալության հրապարակման մեջ:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, Մարալ Նաջարյանը վերադարձել է տուն՝ Բեյրութ։ 

Մարալ Նաջարյանը պատանդառվել էր Ադրբեջանի կողմից նոյեմբերի 10-ին՝ հրադադարի մասին եռակողմ հայտարարության հաջորդ օրը: Այդ օրը Մարալն իր ընտանիքի բարեկամ Վիգեն Էուլջեքյանի հետ Բերձոր էր գնացել՝ վերցնելու այնտեղ մնացած իր եւ քրոջ՝ Անի Նաջարյանի իրերը։ Բերձորը վերջին վայրն էր, որտեղ տեսել էին Մարալին ու Վիգենին: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ երկուսն էլ պատանդ են վերցվել թշնամու կողմից:

964