Արցախի պետական համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ` տպագրվել է «Արցախի ժողովրդագիտությունը» մատենաշարի չորրորդ հատորը՝ «Արցախի ժողովրդագիտությունը. Ազգագրություն»՝ աշխատասիրությամբ և ընդհանուր խմբագրությամբ բ.գ.թ., դոցենտ, ԼՂՀ գիտության վաստակավոր գործիչ Արմեն Սարգսյանի: Հատորում ընդգրկված են Արցախի ազգագրությանը վերաբերող հետխորհրդային շրջանում կատարված ուսումնասիրությունները:

«Արցախի ժողովրդագիտությունը» մատենաշարն ընդգրկում է Արցախի ժողովրդագիտության երեք բնագավառներին` ազգագրությանը, բանահյուսությանն ու բարբառին առնչվող այն հիմնական ուսումնասիրությունները, ժողովածուները, ճանապարհորդական նոթերը, հուշագրությունները և այլ նյութեր, որոնք գրառվել ու հրատարակվել են հայ և օտարազգի տարբեր ազգագրագետների, բանագետների ու բանահավաքների, բարբառագետների, այլ բնագավառների գիտնականների, հասարակական ու եկեղեցական գործիչների, ճանապարհորդների, գրողների, Շուշիի և որոշ գյուղերի ուսումնական հաստատությունների ուսուցիչների ու տեսուչների կողմից 19-րդ դարի կեսերից առ այսօր:

Յուրաքանչյուր բնագավառին վերաբերող առաջին հատորի առաջաբանում տրված է տվյալ բնագավառի ուսումնասիրության պատմությունը, իսկ եզրափակող հատորում` ամբողջական մատենագիտական ցանկը` ամփոփ նկարագրություններով:

Նյութերը, բացառությամբ բարբառով գրառվածների, ներկայացված են որոշակի խմբագրությամբ և սրբագրությամբ` ընդհանուր առմամբ համապատասխանեցնելով ուղղագրության ու տառադարձության արդի սկզբունքներին:

23 Մարտ, 2021 21:23
129
; ;