«Այն պաշտոնատար անձինք, որոնք կցանկանան հրապարակել իրենց պատվաստման ինֆորմացիոն ընթացքը, կհրապարակեն, և մենք էլ կկիսվենք»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով պաշտոնատար անձնանց, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների պատվաստվելու մասին շրջանառվող լուրերին:

«Իհարկե, շատ երկրներում էլ հանրային դեմքերը փորձում են հաջակցություն պատվաստման հանրայնացնել, բայց գիտեք՝ բժշկական գաղտնիքն այլ անձանց կողմից չի կարող հրապարակվել»,- ասաց նախարարը:

Լրագրողներն Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեցին, թե լուրեր են շրջանառվում, որ իր մայրը պատվաստվել է «Սպուտնիկ V»-ով, այլ ոչ թե  «AstraZeneca» պատվաստանյութով, ինչին ի պատասխան՝ նախարարն ասաց, որ բժշկական գաղտնիք պարունակող տվյալներ չհրապարակվեն և նման հարցեր չհնչեցվեն:

Նախարարը նշեց, որ այն պաշտոնատար անձինք, որոնք խոցելի խմբի ցուցակում են, միայն նրանք են պատվաստվում:

551