2021 թվականին 9 առարկաներից՝ «Պատմություն», «Ինֆորմատիկա», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Ռուսաց լեզու» և «Հայոց Եկեղեցու պատմություն», կազմակերպվել է 2020-2021 ուստարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլը: Օլիմպիադային մասնակցել են 187 աշակերտներ, որոնցից 36-ն արժանացել են առաջին, 61-ը՝ երկրորդ, իսկ 90-ը՝ երրորդ կարգի դիպլոմների:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով՝ հաստատվել է օլիմպիադայի եզրափակիչ փուլերում հաղթած  և անվանական կրթաթոշակ ստացողների ցանկը:

Կրթաթոշակները տրամադրվում են՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2019 թվականի սեպտեմբերի 3-ի 605-Ա/2 հրամանով հաստատված «Հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման» կարգի: Ըստ այդմ՝ եթե սովորողը միաժամանակ երկու կամ երեք հիմքով է ընդգրկվում կրթաթոշակ ստացողների ցանկում, ապա նա կարող է ստանալ դրանց հանրագումարի չափով կրթաթոշակ: Անվանական կրթաթոշակը սովորողներին տրվում է հաստատությունների միջոցով՝ մեկ տարվա հաշվարկով, իսկ ուսումնառությունը տվյալ հաստատությունում դադարելու դեպքում մեկ տարվա համար նախատեսված կրթաթոշակի չվճարված մասը սովորողին վճարվում է միանվագ: Սովորողներին խրախուսելու նպատակով սահմանված անվանական կրթաթոշակի նոր կարգը գործում է 2020 թ. հունվարի 1-ից:

Առարկայական օլիմպիադայի հաղթողների համար սահմանված են հետևյալ կրթաթոշակները.

1․ միջազգային առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի մասնակիցներ՝

  • առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 25.000 դրամ
  • երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 20.000 դրամ
  • երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 15.000 դրամ.
  • եզրափակիչ փուլերի այլ մասնակիցներին՝ ամսական 10.000 դրամ.

2․ միջազգային դպրոցական այլ օլիմպիադաների (Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադա, Մենդելեևյան միջազգային օլիմպիադա և այլն) եզրափակիչ փուլերի մասնակիցներ՝

  • առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 15.000 դրամ.
  • երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 10.000 դրամ.
  • երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 7.500 դրամ.

3․ ՀՀ առարկայական հանրապետական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի հաղթողներ (դիպլոմակիրներ)՝

  • առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 10.000 դրամ.
  • երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 7.500 դրամ.
  • երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 5.000 դրամ։
894