Տիկին Պայծառը տան փոքր որդուն բանակ ճանապարհելիս հպարտ էր ու միևնույն ժամանակ լիահույս` լավ կծառայի ու հայրենի Ծակքար կվերադառնա:

Մուշը Հադրութում էր ծառայում, երբ սկսվեց 44-оրյա պատերազմը: 20 ամսվա ծառայող էր, բան չէր մնացել` մի քանի ամիս ու վերջ` տանը կլինի:

Հեռախոսազանգին Մուշ Հակոբյանի ավագ եղբայրը` Դավիթն է պատասխանում: Եղբոր մասին մի քանի կենսագրական տվյալներ փոխանցելուց հետո խոսափողը մորը` տիկին Պայծառին է փոխանցում:

«Մեր տան ճրագն էր Մուշը, մեր հպարտությունը: Ծառայության ժամանակ էլ, ինչպես ինքն էր ասում`զորամասի պարծանքն էր: Տղաս թշնամու չորս տանկ է ոչնչացրել, տասնյակ հակառակորդի է խփել,- հուզված պատմում է տիկին Պայծառը։- Տղայիս ձայնը վերջին անգամ լսել եմ սեպտեմբերի 29-ի երեկոյան: Ասաց մամ ջան, իմ պոստում ամեն ինչ լավ է, չմտածես: Բայց ես լսում էի կրակոցների ձայնը, լսում էի, թե թշնամին ոնց է ռմբակոծում, բայց Մուշս ինձ հանգստացնում էր, թե` բան էլ չկա: Հետո մի պահ լեռեց ու ասաց` մամ ջան, տղադ հերոս է...»:

Մուշի հայրը` Մհեր Հակոբյանը, սեպտեմբերի 30-ին արդեն Արցախում էր: Շատ դժվարությամբ, բայց կարողացել էր հասնել տղայի մոտ: Արկեր տեղափոխող բեռնատարով բարձրացել էր որդու դիրքը: Կես ժամ կարողացել էր խոսել, շփվել Մուշի հետ. «Հետո տղաս ասել է` պապ ջան, սպասի, տղերքին ճանապարհենք հետ գանք:  Հինգ րոպե հետո` հենց ամուսնուս աչքի առաջ ադրբեջանցիները ռմբակոծում են  այն դիրքը, որտեղ իմ որդին էր ու նրա մարտական ընկերները: Ամուսինս երբ ավելի առաջ է գնացել, որպեսզի հասկանա ինչ կատարվեց, Վանին, Արտակին ու Մուշին զոհված է գտել»:

Տիկին Պայծառը որդուն ներկայացնելիս ասում է, որ իր Մուշն արտակարգ զինվոր էր: Մուշը կրծքանշաններ էր ստացել բարեխիղճ ծառայության համար: Շրջապատում էլ հարգված ու սիրված, գնահատված, խելացի ու շատ զուսպ երիտասարդ էր:

«Ամուսինս պատմում է, որ այն դիրքում, որտեղ կռվել է որդիս, հրամանատար չի  եղել: Ընդամենը 11 զինվորով կարողացել են դիրքը պահել, կռիվ տալ թշնամու դեմ: Երբ Մուշն արդեն զոհվել էր, գրպանից տասնմեկ փամփուշտ են գտել...»:

Վանն իրենց դիրքի սերժանտն էր: Ընդամենը 8 ամսվա ծառայող է եղել, բայց Մուշը, որպես երկար ծառայող, իր վրա է վերցրել հրամանատարի պարտականությունը:

Տիկին Պայծառն ասում է, որ անգամ Մուշ Հակոբյանի զինվորական գրքույկը չեն գտել, թեև ինքն անգիր գիտի, թե որդին ինչ զենքերի է տիրապետել, կամ զինվորական գրքույկում ինչ կար գրված:

Ամբողջ գյուղը մինչ օրս ողբում է Մուշի մահը: Համագյուղացիները  կիսում են կորստյան ցավը` մխիթարելով տիկին Պայծառին: Որդեկորուս մայրը գիտի` իր որդին ապրեց  հանուն Հայրենիքի՝ չխնայելով ամենաթանկը` կյանքը:

Մուշը, Վանն ու կամավորական Արտակը միասին էին կռվի դաշտում ու այսօր էլ են միասին` երկնքում են տղերքը:

 Հավերժ փառք...

Հայկ Մագոյան

20324