ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ 44-օրյա պատերազմի ժամանակ «Հայաստան» համահայկական հիմնադրամում հանգանակված միջոցների ծախսին:

«Ռազմական դրությամբ պայմանավորված՝ Կառավարությունն իրականացրել է շուրջ 120 մլրդ դրամի հատկացում, որից շուրջ 52 մլրդ դրամն է, որ հատկացվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամից»,- տեղեկացրեց ՀՀ վարչապետը: Փաշինյանի խոսքով՝ մարտի 15-ին հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում ներկայացվել է ծախսերի բացվածքը, արդյունքում խորհուրդը հայտարարություն է ընդունել՝ վստահություն հայտնելով, որ պատերազմի ընթացքում հավաքված գումարները նպատակային են ծախսվել:

Փաշինյանը նաև նշեց, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամ ստեղծված օրվանից մինչև 2020 թ. սեպտեմբեր հանգանակվել է 247 մլն դոլար, իսկ 44-օրյա պատերազմի ընթացքում՝ 212 մլն դոլար: «Ըստ էության, 44 օրում հանգանակվել է 28 տարվա ընթացքում հանգանակվածի ավելի քան 70 տոկոսի չափ գումար»,- արձանագրեց վարչապետը:

Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ համահայկական հիմնադրամի միջոցով երեք տարվա ընթացքում Արցախում 110 մլրդ դրամի ենթակառուցվածքային ու բնակարանաշինության ծրագիր կիրականացվի: «Սա «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծման օրից Արցախում իրականացված բոլոր ծրագրերից ավելի մեծ ծրագիր կլինի»,- շեշտեց նա:

Վարչապետի խոսքով, ԱԺ-ում 2020 թ. պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ դռնփակ ռեժիմով կքննարկվեն ռազմական ծախսերը: «Պետք է տող առ տող ներկայացվեն, թե 120 մլրդ դրամն ինչի վրա է ծախսվել, որպեսզի այս թեման անշրջելիորեն ու վերջնականապես փակվի»,- ասաց նա:

1lurer.am

22 Ապրիլ, 2021 12:19
86
; ;