Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրենքի լրամշակված նախագիծը: 

Արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցում կատարվել են մի շարք փոփոխություններ: 

Նրա խոսքով՝ նախագծով նախատեսվում է համաներում հայտարարել օրենքը ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափած և ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված արական սեռի քաղաքացիների նկատմամբ: 

Նոր փոփոխությամբ համաներումը չի կիրառվելու վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ, այսինքն՝ 2020-ի սեպտեմբերի 27-ին հայտարարված զորակոչից խուսափած անձանց նկատմամբ: Ըստ այդմ՝ օրենքի նախագծի անվանումից հանվել է «....վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու...» նախադասությունը: 

Համաներումը, ըստ փոխնախարարի, չի կիրառվի նախագահի կողմից ներում շնորհելուց կամ համաներումից հետո կատարված 327-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով նախատեսված հանցանքի դեպքում: 

Ա.Հովհաննիսյանն ասաց, որ նախագծից հանվել են սահմանափակումները, այսինքն՝ համաներումը կկիրառվի նաև այն անձանց նկատմամբ, որոնք հանցագործությունների կամ դատավճիռների համակցության կանոններով կարող են մեղադրվել, մեղադրվում կամ դատապարտվել են նաև ՀՀ քրեական օրենսգրքի այլ հոդվածով: 

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիները օրենքի ընդունումից հետո 7-ամսյա ժամկետում կարող են վերադառնալ Հայաստան և մասնակից լինել մեր երկրի խնդիրների լուծմանը: 

1lurer.am

1062