Հայաստանի Հանրապետության ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձել է գերիների խնդրի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մայիսի 5-ի հայտարարությանն ու  միջազգային գործընկերների արձագանքներին: Անդրադառնալով դիտարկմանը, որ որոշ հայտարարություններում հնչում է բոլոր կողմերից գերիների ազատ արձակման կոչ՝ Աննա Նաղդալյանն ընդգծել է, որ Հայաստանը ամբողջությամբ կատարել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ 8-րդ կետով ստանձնած իր պարտավորությունները և վերադարձրել ադրբեջանցի բոլոր ռազմագերիներին: 

«Հայաստանը ամբողջությամբ կատարել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ 8-րդ կետով ստանձնած իր պարտավորությունները և վերադարձրել ադրբեջանցի բոլոր ռազմագերիներին, այդ թվում՝  2014թ. անչափահասի սպանության համար դատապարտված երկու անձանց: 

Ադրբեջանի վրա տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների օրեցօր աճող ճնշումը ցույց է տալիս, որ ձևավորվում է միջազգային հանրության կոնսենսուս հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց շուտափույթ հայրենադարձման վերաբերյալ՝ միջազգային հումանիտար իրավունքի պահանջներին համաձայն»,- նշեց Նաղդալյանը

Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք նաև Ադրբեջանի կողմից հնչեցվող մեղադրանքները՝ արցախյան առաջին պատերազմի ժամանակ անհայտ կորած անձանց և ականապատման մասին տեղեկատվություն չտրամադրելու վերաբերյալ, Նաղդալյանը պատասխանեց․

«Գերիների ազատ արձակման հարցում օրեցօր ուժեղացող միջազգային ճնշման լույսի ներքո Ադրբեջանը փորձում է առաջ քաշել կեղծ օրակարգեր՝ արդարացում փնտրելով իր իսկ կողմից ստանձնած մարդասիրական պարտավորությունների չկատարման համար:

Հայաստանը մշտապես պատրաստակամ է համագործակցել միջազգային գործընկերների հետ՝ մարդասիրական բնույթի խնդիրների լուծման ուղղությամբ»:

07 Մայիս, 2021 18:05
128
; ;