
Անիի տարածաշրջանի Բագրավան գյուղը սահմանամերձի կարգավիճակ ունի, թեև ի տարբերություն հարևան գյուղերի, հայ-թուրքական սահմանը Բագրավանից տեսանելի չէ, գյուղը սահմանից 7 կմ հեռու է: Հենց սահմանային գոտում է գտնվում Նորշեն՝ Խարկով գյուղը, այն Բագրավանի վարչական մաս է կազմում: Այս գյուղերը համարվել են Անի պատմական մայրաքաղաքի արվարձանները և այստեղ տները կառուցվել են Անիի քարհանքերի քարերով: Օգտագործված ու հին քարերը Բագրավանում նոր կյանք են ստանում: Ավերված ու լքված տների քարերը դարձել են Բագրավանում թանգարանի ու իջևանատան պատաշար:
«Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպությունը գյուղում թանգարան է կառուցում, որտեղ ներկայացված են լինելու գյուղական կենցաղն ու մշակույթը և այս տարածաշրջանում է Անի պատմական մայրաքաղաքի ազդեցությունը:
«Քանդված, փլված տներից հավաքել ենք քարերը, բերել ենք, տաշել ենք, դրանցով կառուցել ենք: Ուզեցինք հին քարերով կառուցել: Սա և ֆինանսապես էժան կլինի և գյուղական տների ճարտարապետական տեսքը կպահպանվի: Անիի շունչն ենք փորձել տալ: Հին տեղի քարերով՝ Անիի քարերով է շինությունը: Ներսում լրիվ պետք է զարդարված լինի Անիի լուսանկարներով և մենք պետք է այստեղ՝ Բագրավանում Անին ցույց տանք»,- SHANTNEWS -ին ասել է ծրագրի նախաձեռնողներից Արշակ Թումասյանը:
Այս տարածաշրջանը իջևանատեղի է եղել Անի եկող առևտրականների համար: Կառուցվող իջևանատունը ևս մեկ գործառույթ է ունենալու: Գյուղական թանգարան է լինելու, որտեղ կներկայացվեն գյուղի կենցաղն ու մշակույթը: Հին ու մոռացված գյուղգործիքները առաջին ցուցանմուշներն են, Շիրակի մարզի տարբեր գյուղերից են հավաքվել ու տեղափոխվել Բագրավան:
Ինչպես հայտնում է ShantNews.am-ը, Բագրավանից ու հարևան գյուղերից այստեղ են տեղափոխվել ձիթհանի քարեր: Հայաստանում ամենահին ձիթհաններից մեկի մնացորդները հենց Բագրավանում են: Ձիթհանի քարերից հուշարձան են կառուցել:
Բագրավանի մի օրինակով որոշել են ցույց տալ ու օգտագործել գյուղերի զբոսաշրջային պոտենցիալը, որն ուղղակիորեն կարող է գյուղացու կենսամակարդակը փոխել:
«Անիի տարածաշրջանի գյուղերը պատմաճարտարապետական հուշարձաններով հարուստ են և տրամաբանորեն պետք է լինեին շատ բարեկեցիկ կյանք ունեցող գյուղեր, բայց այդպես չէ: Ես համարում եմ, որ այդ ամենն արհեստական է: Ուշադրություն չդարձնելով՝ արհեստական աղքատություն է տիրում այս գյուղերում: Այս գյուղը կունենա միջավայր, որտեղ մարդիկ իրենց հանգիստը կանցկացնեն: Հազարավոր մարդիկ կգան տեսնելու այս ամբողջը, որովհետև մեծ թանգարան է լինելու: Սա վառ օրինակ է, թե ինչ կարելի է գյուղերում անել: Հայաստանում չես գտնի մի գյուղ, որտեղ պատմաճարտարապետական հուշարձան կամ միջավայր չլինի»,- ասում է «Շիրակ կենտրոն» հկ նախագահ Վահան Թումասյանը:
Անիի տարածաշրջանում բազմաթիվ պատմաճարտարապետական հուշարձաններ կան, այստեղ է գտնվում նաև Երերույքի տաճարը, որը զբոսաշրջային ուղղություններից դուրս է մնում ոչ բավարար ենթակառուցվածքների պատճառով: Բագրավանի թանգարանը և իջևանատունը հավակնում են դառնալ այն կենտրոնը, որն այս տարածաշրջանում կարող է զբոսաշրջային ակտիվություն մտցնել:
Սահմանային ու բազում խնդիրներով գյուղերում այցելուներին ցույց տալու շատ բան ունեն: Բագրավանում կիկլոպյան ամրոցներ կան, հարևան Ջրափիում Անիի քարավանատունը, Հայկաձորում՝ քարանձավային Անին: