Եվրամիությունը կրկին Թուրքիային չի ներառել այն երկրների ցանկում, որոնց համար առաջիկայում հանվելու են կորոնավիրուսով պայմանավորված ուղևորության սահմանափակումները։

ԵՄ-ից դեպի մի շարք երկրներ ուղևորությունները այսուհետ կիրականացվեն առանց սահմանափակումների։ Արտոնյալ երկրների ցանկում այս անգամ տեղ են գտել Ճապոնիան, Իսրայելը, Նոր Զելանդիան, Ռուանդան,  Ավստրալիան, Սինգապուրը, Հարավային Կորեան և Թայլանդը։ Իսկ Թուրքիան, Ermenihaber-ի փոխանցմամբ,  նախկինի պես կշարունակի մնալ ռիսկային երկրների ցանկում։

ԵՄ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս «նարնջագույն» երկրների ցանկում ներառված Թուրքիա մեկնել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Նույն կերպ Թուրքիայից Եվրոպա կարող են մեկնել միայն եվրոպական երկրների քաղաքացիություն կամ բնակության իրավունք ունեցող անձինք։ Բացառություն է արվում միայն ծայրահեղ կարևոր ու անհետաձգելի ուղևորությունների համար։

Մյուս կողմից ԵՄ-ն պատրաստվում է Թուրքիայի քաղաքացիների համար շրջանառության մեջ դնել «Քովիդի ճամփորդության սերտիֆիկատը», որով կհեշտացվեն ուղևորությունները դեպի Եվրոպա։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատված պատվաստանյութերով երկու անգամ պատվաստված, վերջին 6 ամսում քովիդով վարակված կամ վերջին 48 ժամվա ընթացքում հանձնված թեստի բացասական արդյունքներ ունեցող քաղաքացիները կկարողանան անարգել մեկնել Եվրոպա՝ անկախ Թուրքիայում կորոնավիրուսի ընդհանուր վիճակից։

1286