Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ընդգծում է, որ Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է վերածվեն հանրային համերաշխության: Տիգրան Ավինյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

2018թ. հեղափոխությամբ իշխանությունը վերադարձվեց ժողովրդին, և դրանից հետո մենք միշտ խոստացել ենք, որ թույլ չենք տալու ժողովրդին օտարել ընտրության իրավունքից: Կիրակի օրը կայացած ազատ, արդար և թափանցիկ ընտրություններով Հայաստանը հերթական խոշոր քայլը կատարեց դեպի ժողովրդավարություն՝ արտահայտելով իր վճռական կամքն առ այն, որ մեր երկրում իշխանությունը պատկանում է ժողովուրդին և դա այլևս անշրջելի իրողություն է:

Ժողովրդի ազատ կամարտահայտությամբ տեղի ունեցած ընտրությունները խորհրդանշում են ժողովրդավարության փայլուն հաղթանակը և մարմնավորում են 2018թ. հեղափոխության գործնական հաջողությունը: Այս ընտրությունները միաժամանակ պետք է վերածվեն հանրային համերաշխության, որի վրա էլ պիտի կառուցենք մեր ազատ և ժողովրդավարական պետության վերնաշենքը»,- գրել է Ավինյանը:

21 Հունիս, 2021 18:11
118
; ;