Ազգային ժողովը հունիսի 30-ին երկրորդ ընթերցմամբ քննարկեց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որի հեղինակներն են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանը, Վահագն Հովակիմյանը եւ Վիկտոր Ենգիբարյանը: Զեկուցող Նիկոլայ  Բաղդասարյանի տեղեկացմամբ`  առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագիծը չի փոփոխվել` առաջարկներ չլինելու պատճառով: Նախագիծը վերաբերում է ձերբակալման հարցին.  ընդարձակվում են ձերբակալության հիմքերը եւ հստակեցվում է ձերբակալության կարգը: Ըստ հեղինակների` վերջին ժամանակահատվածում ձեւավորվել է այնպիսի պրակտիկա, որ դատարանները գրեթե բոլոր գործերով ձերբակալման արձանագրությունները ճանաչում են ոչ օրինական եւ ազատ են արձակում կասկածյալներին` պատճառաբանելով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով բացակայում են իրավական հիմքերը:

Պատգամավորների կարծիքով` նման երեւույթը կարող է հանգեցնել հանցավորության աճի: Նշված խնդիրը նախատեսված է կարգավորել ՀՀ  քրեական դատավարության նոր նախագծով, սակայն հեղինակները կարծում են, որ  անհրաժեշտություն կա այդ նախագծի համապատասխան գլուխն ուժի մեջ մտցնել  ավելի շուտ:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը եւ Կառավարությունը նախագծին դրական եզրակացություն են տվել:

689