Հունիսի 30-ին գումարվեց Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով:

««Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծերի փաթեթը քննարկվեց երկրորդ ընթերցմամբ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ օրենքների ընդունման նպատակն է նախադպրոցական կրթության բնագավառում պետական քաղաքականության միասնական չափանիշներ ունենալը, նախադպրոցական կազմակերպությունների համար լիցենզավորման պայմանների ու պահանջների հավասար դաշտ ապահովելը: Դա կնպաստի կրթության բնագավառում իրականացվող նախադպրոցական կրթության նկատմամբ պատասխանատվության բարձրացմանը` էապես բարձրացնելով նախադպրոցական կրթության համակարգում առկա հիմնախնդիրների լուծման արդյունավետությունը:

Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը հարակից զեկուցմամբ ներկայացրեց ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը:

ԱԺ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը տեղեկացրեց, որ հարցի առնչությամբ հանդիպում է ունեցել մասնավոր մանկապարտեզների տնօրենների հետ, որոնք ներկայացրել են իրենց մտահոգությունները: Պատգամավորը բարձրաձայնած խնդիրների մասին տեղեկացրել է համապատասխան նախարարությանը:

749