Այսօր «Հոդված 3» ակումբը տեսակապի միջոցով կազմակերպած «Մակրոտնտեսական իրողություններ և դրամի փոխարժեք» թեմայով քննարկման ժամանակ անդրադարձել է Հայաստանում առկա մակրոտնտեսական իրավիճակին և դրամի արժևորմանը։

Համաձայն Վիճակագրական կոմիտեի՝ օրեր առաջ հրապարակած օպերատիվ տվյալների՝ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2021 թ. հունվար-մայիսին կազմել է 4,3 տոկոս, սակայն մայիսին անցյալ տարվա նույն ամսվա հետ համեմատ՝ 10,9 տոկոս:

Միևնույն ժամանակ վերջին օրերին կտրուկ նվազեց դոլարի փոխարժեքը և դրամը մեծամասամբ հետ վերադարձրեց վերջին ամիսներին «կորցրած» դիրքերը, որը փորձագետները պայմանավորում են արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքական անորոշություների նվազմամբ:

Քննարկման բանախոսներից տնտեսագետ Վահագն Խաչատրյանը Գյուղատնտեսության վերաբերյալ նշեց, որ գյուղատնտեսությունը փոխվում է որակական առումով․ «ՀՀ գյուղատնտեսությունը այն չէ, ինչ-որ կար 3 տարի առաջ։ Իսկ ներմուծման կառուցվածքում, երբ նայում ենք, մեքենասարքավորումները իրենց բացարձակ արժեքով երկրորդ տեղն են, համարյա հավասար են հանքահումքային ծավալներից, դրանք միշտ եղել են առաջնային, իհարկե։ Բայց հետաքրքրիր է, որ ներմուծման մեջ մեքենասարքավորումներ են, որ մեծամասամբ գնում են գյուղատնտեսություն, նաև, արտադրություն։ Ճիշտ է ներմուծումը ընդամենը աճել է 6 տոկոսով, արտահանումը՝ 20 տոկոսով, արտահանման մեջ գնային գործոնը կա, բայց նաև արտահանման կառուցվածքն է շատ կարևոր։ Իհարկե, պղնձի դերն էլ շատ կարևոր է այստեղ, բայց նաև գյուղատնտեսական արտադրանքի տեսակարար կշիռն է մեծանում»:

Ըստ Խաչատրյանի, ռազմավարական առումով պետք է հասկանալ, թե Հայաստանի գյուղատնտեսության զարգացման հեռանկարը և ազդեցությունը տնտեսության վրա ինչպիսին պետք է լինի։

«Գյուղատնտեսությունը չի կարող լինել երեկվա կամ երեկ չէ առաջին օրվա գյուղատնտեսությունը, առավել ևս, մենք տեսնում ենք, որ գնալով ջրային լրջագույն խնդիրների առաջ ենք կանգնում։ Առանց ինտենսիվ գյուղատնտեսության, ընդհանրապես, զարգացում չի կարող լինել։ Կառավարության հստակ մոտեցումը դա է և այս կովիդի շրջանակներում էլ այդ 25 աջակցության ծրագրերը, որոք կան, հիմա շարունակվում են հենց գյուղատնտեսության մասով», - նշեց պարոն Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ բիզնեսն ու կառավարությունը արդյունավետ համագործակցության ձևը գտել են և նաև կարևորեց ֆինանսական և բանկային համակարգի մասնակցությունը:

«Բոլորիս ամենաշատն անհանգստացնողը ներդրումների խնդիրն է, առանց որի զարգացում չի կրող լինել: Հատկապես, որ մենք ունենք ընդամենը 16 տոկոս համախառն արդյունք։ Ավելի լավ է չխոսենք դրա մասին, այլ պետք է մտածել ինչպես դա հասցնել 30-40-ի։ Սա մակրոտնտեսական աքսիոմատներից է, որը բոլորը գիտեն։ Կարծում եմ, կառավարությունը շատ լավ տիրապետում է այդ ամենինչին, և պետք է փորձի այդ բնագավառում իսկապես հեղաշրջում անել» , - նշեց պարոն Խաչատրյանը։

1065