Այսօր ժամը 11:00-ին Սահմանադրական դատարանում սկսվելու է հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման դիմումների քննությունը: Հարցը քննարկվելու է բանավոր ընթացակարգով:

Ընտրությունների արդյունքները վիճարկում են «Հայաստան», «Պատիվ ունեմ», «Զարթոնք» եւ «Հայոց Հայրենիք» կուսակցությունները: Նրանց դիմումները քննարկվելու են մեկ միավորված գործի շրջանակներում:

Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը: Պատասխանող կողմ հանդես է գալիս ԿԸՀ-ն՝ որպես ընտրությունների արդյունքներն արձանագրող մարմին: Հարակից պատասխանողներ են ՀՀ դատախազությունը, ոստիկանությունը և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը:

Երեկ հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը եւս ներգրավվել է գործում՝ որպես երրորդ անձ: ՔՊ շահերը դատարանում ներկայացնելու են է 3 անձ, այդ թվում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ու փոխնախարար Սուրեն Գրիգորյանը:

Վերջինս երեկ ՀԺ-ի հետ զրույցում հայտնել է, որ ծանոթացել է գործի նյութերին, եւ ՍԴ-ին է փոխանցել իրենց դիրքորոշումը ներկայացված դիմումի վերաբերյալ: «Մեր համոզմունքն է, որ առկա չեն պատշաճ հիմքեր՝ ներկայացված դիմումները բավարարելու համար»,- ասել է Գրիգորյանը:

1224