«Զարթոնք» կուսակցության ներկայացուցիչ Արա Զոհրաբյանն այսօր Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստի ընթացքում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից հետաքրքրվեց, թե վերջին անգամ ե՞րբ է կապի մեջ եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
«Երբեք չեմ եղել»,- պատասխանեց ԿԸՀ նախագահը:
Այնուհետեւ Զոհրաբյանը մեջբերեց կայքերից մեկում հունիսի 10-ին տեղ գտած մի հրապարակում, ըստ որի՝ «Նիկոլ Փաշինյանի եւ Տիգրան Մուկուչյանի միջեւ վեճ եւ քաշքշուկ է եղել»:
«Բացարձակ ու լկտի սուտ է»,- անմիջապես արձագանքեց Տիգրան Մուկուչյանը:
«Սո՞ւտ է»,- փորձեց կրկին ճշտել Զոհրաբյանը:
«Նաեւ որակեցի՝ ինչ սուտ է»,- թեման եզրափակեց Մուկուչյանը:
Հաջորդիվ Արա Զոհրաբյանի հարցերը մեծ մասամբ վերաբերում էին նույն թեմային, ինչի մասին երեկվա նիստում խոսվել էր:
Գրեթե բոլոր հարցերին Մուկուչյանը պատասխանում է՝ «երեկ մանրամասն անդրադարձել եմ այդ թեմային» նախադասությամբ:
ՍԴ նախագահ Արման Դիլանյանը Զոհրաբյանին խնդրեց խուսափել կրկնություններից՝ հաշվի առնելով ժամանակի սղությունը:
Հիշեցնենք՝ 4-րդ օրն է՝ Սահմանադրական դատարանում քննվում է հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման գործը: Վերջնաժամկետը հուլիսի 17-ն է: ՍԴ դիմում են ներկայացրել «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքները, «Զարթոնք» եւ «Հայոց Հայրենիք» կուսակցությունները: Պատասխանող կողմերից մեկը ԿԸՀ-ն է: Գործով 3-րդ անձ է ներգրավվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:
Աղբյուր՝ armtimes.com