ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Ինչպես հայտնում են Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունից, Բլինկենը «շնորհավորել է Հայաստանի ժողովրդին` հունիսի 20-ին անցկացված ընտրությունների կապակցությամբ»: Բայց այս իրադարձությունը մեծ ուշադրություն գրավեց այլ պատճառով: 

Պետքարտուղարը շեշտել է, որ Վաշինգտոնը «սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից իրականացվող գործընթացին, որը նպատակաուղղված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական քաղաքական կարգավորմանը», և Հայաստանին « ԵԱՀԿ-ի միջոցով  կառուցողական համագործակցության» կոչ է արել: ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը հանդես եկավ ավելի ծավալուն տեղեկատվությամբ, նշելով, որ Բլինկենը «հատկապես շեշտեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը վերսկսելու կարևորությունը` շեշտելով խաղաղ գործընթացի հստակ օրակարգի մշակման անհրաժեշտությունը, որը թույլ կտա գտնել խնդրի տևական և երկարաժամկետ լուծում»: Բացի այդ, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը, հանդիպելով Փաշինյանի հետ, հայտարարեց, որ «Ղարաբաղյան հակամարտությունը չի լուծվել, և այդ կարգավորումը հնարավոր է միայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական որոշումից հետո»: Վերջապես, մեծ աղմուկ բարձրացավ, երբ Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների դեսպանները մերժեցին երկրորդ ղարաբաղյան պատերազմում «ազատագրված» Շուշի այցելելու հրավերը: 

Այսինքն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դեսպանները միաբանություն ցուցաբերեցին այս հարցում: Սա ընկալվում է որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրների կարգավորման ընդհանուր մոտեցմանը հավատարիմ մնալու նրանց համաձայնությունը: Սա կարծես սուր հակադրություն է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունների ֆոնին, իբր «Երեւանը, Սյունիքը, Սեւանը Ադրբեջանի պատմանական տարածքներն են, որ «Ադրբեջանի տարածքում չկա Լեռնային Ղարաբաղ կոչվող տարածքային միավոր, կա Ղարաբաղ», որ «սկսվել է շինարարության նոր դարաշրջան ՝ հետհակամարտային շրջան» և «հայ-ադրբեջանական, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը գտել է իր լուծումը»:

«Եթե ինչ-որ մեկն ասում է, որ հակամարտությունը լուծված չէ»,- հռետորական կերպով բացականչում է Ալիևը՝ ապա «թող նա նշի, թե ինչպես է տեսնում հակամարտության լուծումը»: Խնդիրն այն է, որ Ալիևը ոչ մի կերպ չի կարողանում հետ քաշվել «հաղթական հռետորաբանությունից», և Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ գործում է ուժի դիրքից, մինչդեռ 2020 թվականի նոյեմբերի 9-ին կայացած խաղաղության համաձայնագրից հետո նա պետք է օգտագործեր «փափուկ ուժի» հնարքներ: Եթե Բաքուն ի վիճակի չէ դա անել՝ իր փոխարեն դա կանեն մյուսները, առաջին հերթին՝ Մինսկի խմբի համանախագահ երկրները: Սա այբուբենն է, ըստ որի «կարող ես պատերազմը հաղթել մարտի դաշտում և պարտվել դիվանագիտության սեղանի շուրջ»: Իսկ տվյալ պարագայում Ադրբեջանը մարտահրավեր է նետում համաշխարհային դիվանագիտությանը՝ ըստ էության արգելափակելով ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի մեկնարկը, մինչդեռ Երևանը պատրաստ է հետևել համանախագահող երկրների հայտարարությանը, որով հակամարտության կողմերը կոչ են անում վերսկսել բարձր մակարդակի հանդիպումները միջնորդների հովանու ներքո առաջին իսկ հնարավորության դեպքում: Բայց արդյոք սա հնարավո՞ր է: «Նախ նշենք, որ Ռուսաստանի դիրքորոշումը «ստեղծագործական» բնույթ ունի, և դա չի բացառում Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի փոփոխման հնարավորությունը` հաշվի առնելով, որ ԱՄՆ և Ֆրանսիայի քաղաքական ռեսուրսն այս ուղղությամբ դեռ չի սպառվել: Մինսկի խումբը և նրա համանախագահները պետք է նպաստեն հակամարտության երկարաժամկետ և կայուն կարգավորման բանակցություններին: Հարցը չի լուծվել, և Մոսկվան, ըստ ամենայնի, դեռ չի որոշել անկախ խաղի մասին՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի խաղաղության համաձայնագրից դուրս: 

Այդ իսկ պատճառով բաց է մնում հետեւյալ հարցը. ինչպես եւ ինչպիսի պայմաններում ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է վերսկսել Ղարաբաղի հիմնախնդիրը կարգավորելու իր միջնորդական առաքելությունըայն պայմաններում, երբ, ինչպես կարծում է ռուս փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը, «հին ստստուս-քվոն արմատապես կոտրված է, սակայն նորը դեռեւս կարգավորված չէ», դրա ձեւավորումը տեղի է ունենում, ինչպես ասում են «պիեսի ընթացքում», որտեղ դրաման զարգանում է Մինսկի խմբի գործունեության վերսկսման «հնարավորությունների բացով»։

Միևնույն ժամանակ, Մոսկվան հայտարարում է, որ իր խաղաղապահները գտնվում են Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքում, և փաստացի հենց Ռուսաստանն է հանդես գալիս որպես Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավոր: «Ղարաբաղյան հակամարտությունն ավարտված լինելու մասին» Ալիևի հայտարարությունների համատեքստում տրամաբանորեն հետևում է Մոսկվայի և Բաքվի միջև երկկողմ համաձայնագրերի հնարավորությունը Ղարաբաղում  ռուս խաղաղապահների ներկայության վերաբերյալ, ներառյալ, հնարավոր է, Ստեփանակերտի միջանկյալ կարգավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմական դրությունը դադարեցնելու կամ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև կապի միջանցքի մասին համաձայնագրի կնքումը»,-ասվում է հոդվածում և նշվում, որ տեսականորեն ոչինչ այս ամենին չի խանգարում: 

Եթե սկսվի նման սցենար, ապա Մինսկի խմբի իր նախկին ձևաչափով գործունեության անհրաժեշտությունը կվերանա կարգավորման նոր գործոնների ի հայտ գալու պատճառով: Բայց Ալիևը խոչընդոտում է այս ճանապարհին և նրա առաջարկած հետագա գործողությունների հնարավոր տարբերակը, համաշխարհային դիվանագիտության կողմից աջակցություն չի գտնում: Իրավիճակը կարող է էլ ավելի սրվել, եթե Բաքուն սկսի իրագործել Ադրբեջանի ԱԳՆ նախկին ղեկավար Թոֆիգ Զուլֆուգարովի առաջարկը՝ բոյկոտելու Մինսկի խմբի համանախագահող երկրների դիվանագիտական առաքելությունները:

Թարգմանությունը ՝Լյուսիյա Պետրոսյան 

38344