Եվրամիությունը պատրաստ է դրական դեր խաղալ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու գործում: Այս մասին հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների արդյունքներով կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մենք պետք է մտածենք այն մասին, թե ինչ անել խաղաղության և առաջընթացի հասնելու համար, ինչ տարրեր պետք է հաշվի առնել տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման համար։ Ես հնարավորություն ունեցա այդ հարցը քննարկել Ադրբեջանի նախագահի հետ։ Ես դիմեցի և՛ Հայաստանի վարչապետին, և՛ Ադրբեջանի նախագահին և հասկացրի, որ Եվրոպական միությունը պատրաստ է դրական դեր խաղալ այդ հարցում»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Շառլ Միշելը։

Շառլ Միշելի խոսքով ՝ Եվրամիությունը սատարում է ԵԱՀԿ միջնորդական գործունեությանը։

«Բայց դա չի խանգարում ԵՄ-ին կիսվել իր փորձով, աջակցություն ցուցաբերել ավելի մեծ անվտանգության, կայունության և, որ ամենակարևորն է, տարածաշրջանում խաղաղության հասնելու հարցում, որոշ գաղափարներ առաջարկել խաղաղ գործընթացի հնարավոր առաջխաղացման համար»,- նշել է նա: Հիշեցնենք, որ նախօրեին Շառլ Միշելն այցելել էր Հայաստան, հանդիպումներ ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնակատար  Նիկոլ Փաշինյանի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ ԵԽ նախագահը նաև այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Խոր վիրապ, շրջայց է կատարել Երևանի մետրոպոլիտենում։

 

477