Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը պարգևատրման արարողությունից հետո հարցազրույց է տվել:

«Մեծ պատիվ է նվաճել Օլիմպիական մեդալ։ Ճիշտ է՝ ես ավելի բարձր հարգի մեդալի հույս ունեի, բայց փառք Աստծո, որ կարողացա այս մեդալը նվաճել, քանի որ ցանկացածիս համար էլ Օլիմպիական մեդալը երազանք է։ Սա իմ առաջին Օլիմպիական մեդալն է, թե՛ ուրախ եմ, թե՛ տխուր։ Շատերը կասեն, թե ինչ՞ու եմ տխուր Օլիմպիական մեդալի համար, ես կպատասխանեմ, որ երբ համարվում ես Օլիմպիական խաղերի հաղթողի գլխավոր հավակնորդներից մեկը, բրոնզե մեդալը տխրեցնում է։   Ամեն դեպքում նաև շատ ուրախ եմ»,- ասել է Բաչկովը։

Գյումրեցի մարզիկն անդրադարձել է նաև կիսաեզրափակիչ մենամարտին, որտեղ պարտություն է կրել ամերիկացի Դևիս Կեյշոունից: Նա պատմել է, որ մարզիչների հետ գիտեին, թե ինչ ոճի բռնցքամարտիկ է մրցակիցը ու ընտրել էին փողոցային մարտ վարելու մարտավարությունը, որը սակայն չի տվել դրական արդյունք։

«Ժամանակ դեռ կունենամ հետևություններ անելու կիսաեզրափակիչ մենամարտի համար։ Նա կեղտոտ մարտ էր վարում, շատերն ասում էին, որ դա տակտիկա է, սակայն րա նրա ոճն է։ Ինձ հետ մենամարտելիս նա նման էր ջրի մեջ խեղդվով մարդու։ Բայց նրան էլ եմ շնորհավորում»,- նշել է ՕԽ բրոնզե մրցանակակիրը։

Հարցին՝ արդյոք կմասնակցի հաջորդ Օլիմպիական խաղերին, Բաչկովը պատասխանել, որ ոչ ոքի հայտնի չէ, թե Աստված ինչ է նախատեսել, և եթե հնարավոր լինի պրոֆեսիոնալ ու սիրողականը բռնցքամարտը համատեղել, կմասնակցի նաև մյուս Օլիմպիական խաղերին։

690