
ՀՀ Ազգային ժողովի դահլիճը վերածվել է խորհրդարանական ընդդիմության «կայացման» թատերաբեմի. շոուի պակաս չկա։ Վերջիններս եկել են Ազգային ժողով միայն ու միայն «կիսաբաց լուսամուտների» սցենարով շոուներ բեմականացնելու, ֆեյսբուքում «լայքեր» հավաքելու համար։
Զարմանալին այն է, որ իբր հայրենասիրական ոգով տոչորված ընդդիմադիրները մեր հայրենիքի համար այս ծանր օրերին կառուցողական առաջարկներով հանդես գալու, ծրագրեր առաջարկելու փոխարեն, զբաղված են սադրանքներ հրահրելով, անպատասխանատու հայտարարություններ անելով, օրակարգը խաթարելով։ Ազգային ժողովի աշխատանքները սկսվել են արդեն շուրջ մեկ ամիս, սակայն այդ ընթացքում ընդդիմության որդեգրած գործելաոճի արդյունքում ոչ մի կառուցողական քննարկում չի եղել։
Իրեն «խորհրդարանական ընդդիմություն» հռչակած խմբակը ԱԺ ամբիոնը վերածել է «ռազբորկաների», «շիշ նետելու» թիրախի՝ դահլիճ բերելով փողոցային ամենավերջին հայհոյանքները։
Նկատենք, որ իր դերը լավագույնս կատարողներից մեկը «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն է։ Նա խորհրդարան է եկել իր ղեկավարության կողմից ստացած հատուկ հրահանգով` «ինչքան ուզի` սադրի»։ Եվ, քանի որ, ինչպես ինքն էր մի առիթով ասել` «անգիր անելուց լավ է», յուրաքանչյուր խոսքից հետո, շուտասելուկի նման արագ-արագ կրկնում է «կապիտուլյանտ», ստանում նկատողությունը, ապա հրավիրվում դահլիճից դուրս։ Այսինքն՝ տիկինը մանդատ է ստացել «կապիտուլյանտ» ասելու ու դուրս հրավիրվելու համար, ինչի համար վճարվում է ՀՀ քաղաքացու մուծած հարկերով։ Երբեմն Աննա Մկրտչյանին զվարճացնում է իր իսկ կերպարն ու խոսքը, սակայն արդյոք Ազգային ժողովն է այն տեղը, ուր պիտի դերասանական առաջին քայլերը կատարել։ Կոպիտ ասած` Աննա Մկրտչյան պատգամավորը 8-րդ գումարման առաջին նստաշրջանի ընդդիմության հավաքական կերպարն է, որը անբովանդակությունն ու անկառուցողականությունը փորձում է կոծկել՝ անձնական վիրավորանքներ հասցնելով։
Նկատենք, որ Մկրտչյանի կերպարն անընդունելի է անգամ «Հանրապետական» կուսակցության կարկառուն դեմքերից մեկի՝ Արփինե Հովհաննիսյանի համար, որն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Անբովանդակությունը սովորաբար քողարկվում է էպոտաժով», Արմեն Աշոտյանի հետ բանավեճում նշել, որ ընդդիմությունը դերեր է ստացել, և յուրաքանչյուրն իր պարտիան է կատարում։
Ցավալի է, որ վերջիններիս ընտրազանգվածը, իր մանդատը տալով, վստահաբար, դա չի արել «ռազբորկաների» ու «ձեռնամարտերի» ականատեսը լինելու համար։
Տպավորություն է, որ ընդդիմությունը տենչում է նոր պատերազմի։ «Հայաստան» դաշինքից ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը ՀՀ վարչապետին դրդում է կրկնել, որ Շուշին ու Հադրութը ժամանակավորապես են օկուպացված Ադրբեջանի կողմից, ու արժանանում գործընկերների կողմից «հերոսացման»։ Ակնկալիքը ո՞րն է, որ վարչապետը, որի ցանկացած խոսքը Հայաստանի դիրքորոշումն է, նման հայտարությո՞ւն անի։ Արդյոք ընդդիմությունը հաշվարկե՞լ է, թե ինչի կարող է հանգեցնել այդ հայտարարությունը։ Ի դեպ, նշենք, որ թշնամի երկրի պատասխանը չուշացավ. նրանց մամուլում եռանդով ծաղրում էին մեր խորհրդարանին։
Խայտառակությունը հասավ իր գագաթնակետին այսօր՝ օգոստոսի 25-ին։ Ազգային ժողովում քննարկվելու էր Կառավարության ծրագիրը։ Սակայն ընդդիմությունը այն դարձյալ վերածեց խուլիգանական «բազարի»։
Այն պահին, երբ ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանը հայտարարեց, որ «․․․ես պաշտոնապես հայտարարում եմ՝ բոլոր այն պաշտպանության նախարարները, ում ժամանակ փողով բանակից մարդ է ազատվել, նրանք հայրենիքի դավաճաններն են»` Սեյրան Օհանյանը շտապեց պատասխանել. «արա´, այ տղա, դավաճանը դու ես»` ջրի շիշն ուղղակի նետելով ելույթ ունեցող պատգամավորի վրա։ ՊՆ նախկին նախարարի բուռն արձագանքը փաստեց, որ ինքը ևս անմասն չի մնացել այդ գործարքներից։ 8 տարի ղեկավարելով Հայաստանի համար հույժ կարևորություն ունեցող պաշտպանության նախարարությունը՝ ամենայն հավանականությամբ, այնտեղ էլ է նա իր հրամանները պարտադրել «շիշ նետելով»։ Անհերքելի է, որ պաշտպանության ոլորտում նման մարդկանց ներկայությունն ու, ավելին, նրանց որոշում ընդունելու հնարավորություն տալը մեր պարտության հիմքը դրեց։
Այս «կրկեսը» ամբողջական է դարձնում «Հայաստան» դաշինքի ՀՅԴ-ական անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի հրճվանքը։ Ի՞նչն էր նրան այդպես զվարճացնում՝ երկրի ներկայիս վիճա՞կը, Ազգային ժողովի այս խայտառակությո՞ւնը, որի բեմադրիչներն իրենք են` հասկանալի չէ։ Մի բանն է պարզ. նրանց ուզածը «կրկեսային շոու» սարքելն է, և դատելով Սաղաթելյանի ինքնագոհ ժպիտից, կարելի է եզրակացնել` վերջիններս իրենց «հրահանգը» փայլուն կատարում են։
Մկրտչյան Ջուլիետա