Վիլյամ Սարոյանը ծնվել է 1908 թվականի օգոստոսի 31–ին, Ֆրեզնո քաղաքում (ԱՄՆ, Կալիֆորնիայի նահանգ)։ Նրա ծնողներն Արեւմտյան Հայաստանի Բիթլիս քաղաքից Ֆրեզնո էին գաղթել՝ ցեղասպանությունից փրկվելու համար։
«Կուզենայի իմանալ, թե արդյոք աշխարհում կա մի ուժ, որն ի վիճակի է ոչնչացնել այս համեստ ժողովրդին, այս փոքր ցեղին, որի պատերազմները անցած եւ պարտված են, որի պետությունն ամբողջությամբ ավերված է, ում գրականությունը չի ընթերցվել, երաժշտությունը լսելի չէ, իսկ աղոթքներն այլեւս արձագանք չունեն։
Այրեք նրանց տները եւ եկեղեցիները։ Իսկ հետո տեսեք՝ նրանք ծիծաղելու են, երգելու են ու կրկին աղոթելու են, եթե նրանցից գոնե երկուսը հանդիպեն այս աշխարհում, նրանք կստեղծեն նոր Հայաստան»,- ասում էր Սարոյանը։
Սարոյանը 4 տարեկանում զրկվել էր հորից եւ որոշ ժամանակ նույնիսկ մանկատանն է ապրել։ Նա փոքր տարիքից աշխատանքի է անցել՝ ամենատարբեր գործեր կատարել։ Նրա ստեղծագործությունների հերոսները միշտ էլ եղել են հասարակ ու ոչ այնքան երջանիկ մարդիկ, մեծամասամբ՝ հայեր, որոնց մասին նա գրել է ջերմությամբ, կարեկցանքով ու լավի հույսով։
Ճանաչումը եկել է նրա մոտ «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա» պատմվածքների առաջին իսկ ժողովածուից հետո, պատմվածքի հերոսը գործազուրկ է, սովից մեռնող երիտասարդ։ Վիլյամ Սարոյանը գրել է ավելի քան մեկուկես հազար պատմվածք, տասներկու պիես եւ մոտ տասը վեպ: Նրա լավագույն ստեղծագործություններից է համարվում «Մարդկային կատակերգությունը» (The Human Comedy, 1942) վեպը, որը մասամբ ինքնակենսագրական է։
Դրամատուրգ Սարոյանն իր մասին հայտարարեց «Իմ սիրտը լեռներում է» (My Heart’s in the Highlands, 1939) պիեսով՝ չճանաչված երջանիկ բանաստեղծի, սրտին մոտ ամեն ինչ ընդունող պատանու եւ ծեր դերասանի ու երաժշտի, անցյալի ու ապագայի մասին:
1942 թ. Սարոյանը զորակոչվում է բանակ: Նրա համար պատերազմը մարդկության մեծագույն չարիքն էր: Այդ թեման արտացոլվել է «Մարդկային կատակերգություն» վեպում, որի հիման վրա գրված համանուն սցենարի համար 1944-ին Ամերիկյան կինոակադեմիան նրան «Օսկար» շնորհեց։
Սարոյանի մասին հոդվածներ էին գրում աշխարհի առաջատար պարբերականները` պատմելով սարոյանական անսահման մարդասիրության, պարզ լեզվով համամարդկային խնդիրներ բարձրաձայնելու կարողության մասին։
Սարոյանը հասցրեց հայրենիք այցելել 4 անգամ՝ նրա յուրաքանչյուր այցը համաժողովրդական տոն էր դառնում։
Վիլյամ Սարոյանը մահացավ 1981 թվականին՝ Ֆրեզնոյում։ Կտակի համաձայն՝ նրա աճյունի մի մասը ամփոփվել է հայրենիքում ՝ Կոմիտասի անվան պանթեոնում։
Մարիամ Գևորգյան