Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստման անհրաժեշտության վերաբերյալ բժիշկների կոչի պակաս կա։

Աս մասին ասաց Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ, գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Էդուարդ Համբարձումյանը և հավելեց, որ բժիշկական հանրությունն ավելի շատ պետք է կոչեր հնչեցնի քաղաքացիներին COVID-19-ի դեմ պատվաստվելու անհրաժեշտության առումով։

«Այսօր առաջադեմ եվրոպական երկրներում գրեթե 100 տոկոսով պատվաստանյութի գոնե 1 չափաբաժինը քաղաքացիները ստացել են։ Խոսել այն մասին, որ լուրջ չեն ու հետազոտված չեն պատվաստանյութերը,  ուղղակի անիմաստ է։ Անգամ Հռոմի պապն է օրեր առաջ ասել, հորդորել, որ պետք է բոլորը պատվաստվեն։  Կոչ եմ անում նաև, որպեսզի մեր Գիտությունների ազգային ակադեմիան էլ խոսի այս թեմայով և նույնպես կոչ անի ժողովրդին պատվաստվել»,- նշեց Համբարձումյանը և հավելեց, որ ՀՀ-ն այժմ կանգնած է ազգային ողբերգության առաջ։

Խոսելով նաև այն բժիշկների մասին, ովքեր պատվաստման դեմ են արտահայտվում, Մասնագետը նշեց, որ նրանք պետք է լրջանան, զգաստանան և Հայկական բժիշկական ասոցիացիան նման բժիշկների վերաբերյալ իր դիրքորոշումը պետք է արտահայտի։

«Անհրաժեշտ է, որպեսզի ստեղծվի էթիկայի հանձնաժողով ու որևէ կերպ այդ բժիշկների նկատմամբ մեր վերաբերմունքը ցույց տանք։ Այն բժիշկները, ովքեր Հիպոկրատի երդում են տալիս և պարտավոր են  օգնություն ցույց տալ անձին, սակայն անգամ վնասում են քաղաքացու առողջությանը, ապա նրանց պետք է պատասխանատվության ենթարկել։ Այսինքն, այն բժիշկները, ովքեր, օրինակ` հղիներին հորդորում են չպատվաստվել, ինչից հետո վերջիններս վարակվում են կորոնավիրուսով և մահանում են, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- նշեց Համբարձումյանը։

Նա շեշտեց, որ բոլոր այն աշխատանքները, որոնք կատարվել են պատվաստված հղի կանանց շրջանում՝ փաստում են, որ ոչ մի վնաս չկա։

«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կորոնավիրուսով հիվանդացած ժամանակ հղիների մահացությունը մի քանի անգամ ավելի բարձրանում է։ Սրանք այնպիսի ահազանգեր են, որոնց կողքով անտարբեր անցնել ուղղակի անհնար է։

Անդրադառնալով այն հանգամանքին, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հղիներին չի պարտադրել պատվաստվել, մասնագետը շեշտեց, որ խոսք չի եղել դրա հակացուցված լինելու մասին։

«Առհասարակ կա մի վիճակագրություն, որ ամեն 7-րդ հղին վիժում է, ծնվում են արատավոր երեխաներ, անկախ նրանից՝ պատվաստված են, թե ոչ կամ վարակվել են կորոնավիրուսով, թե ոչ։ Նախարարը հղիներին չի պարտադրել պատվաստվել, քանի որ նման դեպքերի առաջ կանգնելիս, նրանք կարող են բարդել ամեն ինչ պատվաստման վրա և շատանան շահարկումները»,- ասաց մասնագետը։

Նա ընդգծեց, որ Վերարտադրողական բժշկության միջազգային ասոցիացիան որոշում է կայացրել, որ պատվաստումը հղիների դեպքում պարտադիր է։

«Մինչև բեղմնավորումը 1 ամիս առաջ արդեն պետք է ստանալ պատվաստանյութի երկրորդ դեղաչափը նույնպես։ Սա թեորետիկ զգուշության հարց է, այլ ոչ թե խնդիր կա»,- ասաց Համբարձումյանը և հավելեց, որ վերարտադրողական ֆունկցիայի վրա պատվաստումը չի ազդում։

1084