Այսօր ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և ազգային անվտանգության հանձնաժողովի նիստում  անդրադարձ եղավ  Գլխավոր դատախազության կողմից հարուցված աղմկահարույց քրեական գործին, ըստ որի՝ 2011 թվականին ՀՀ ՊՆ ձեռք է բերել $5 մլն անսարք հրթիռներ:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի դիտարկմանը, թե ըստ շրջանառվող լուրերի, այդ անսարք հրթիռները 2011 թվականին զուտ ի պահ են տված եղել պաշտպանության նախարարությանը, սակայն ՊՆ հաշվեկշռի մեջ են ընդգրկվել միայն 2018 թվականի դեկտեմբերից, ասաց.

«Անշուշտ ԱԱԾ-ն, որի աշխատակիցները վստահաբար օնլայն ռեժիմով հետևում են նիստին, կֆիքսեն Աբրահամյանի հայտարարությունը և կկանչեն նրան համապատասխան պարզաբանումներ ստանալու համար»:

Քոչարյանը հայտնեց, որ նույն հարցով իրեն առավոտյան զանգահարել է նախկին Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը, որը նույնպես պնդել է, որ անսարք հրթիռները ՊՆ հաշվեկշռում ներառվել են միայն 2018 թվականի դեկտեմբերին, և հավելեց, որ ներկայիս ԳՇ պետ Արտակ Դավթյանն էլ իրեն հայտնել է, որ այդ հրթիռները հետագայում վերավաճառվել են աֆրիկյան երկրներին:

«Սա էլ իմ կողմից եմ ավելացնում, թող ԱԱԾ-ն սա էլ քննի, ի վերջո, եթե խոսում ենք ԶՈՒ-ում կոռուպցիայի դեմ պայքարի մասին, պետք է այն վերջնական արմատախիլ անենք»,- եզրափակեց Քոչարյանը:

 

2366