Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր հյուրընկալել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են մարզպետարանից։

Հովհաննես Հարությունյանը ողջունել է դեսպանին և նշել, որ ուրախ է տիկին Թրեյսիին կրկին տեսնել Գյումրիում․ «Տիկին դեսպան, բարով եք եկել Շիրակի մարզ, գիտեմ, որ առաջին անգամ չեք Գյումրիում, սակայն սիրով ձեզ նորից կպատմեմ մեր մարզի, մարզկենտրոնի մասին: Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ԱՄՆ-ին Շիրակի մարզին ցուցաբերած աջակցության համար։ Գյումրին այն հազվագյուտ քաղաքներից է, որ պահպանել է 19-րդ դարի քաղաքային կոլորիտը և ունի մեծ ներուժ՝ զարգանալու և նոր ձեռքբերումներ ունենալու։

Որքան էլ դժվար ճանապարհ է անցել Շիրակը՝ պահպանել է իր առանձնահատուկ ոգին, ունի մեծ պոտենցիալ ինչպես զբոսաշրջության զարգացման, այնպես էլ տարբեր բնագավառներում առաջ գնալու համար։ Մենք պատրաստ ենք համագործակցության և ուրախ կլինենք նոր նախաձեռնություններ ու ծրագրեր իրականացնել ձեզ հետ համատեղ աշխատանքի արդյունքում»։

Լին Թրեյսին շնորհակալություն է հայտնել Հովհաննես Հարությունյանին ջերմ ընդունելության համար և նշել, որ ուրախությամբ է կրկին այցելել Շիրակ․ «Պարոն մարզպետ, ուրախ եմ Ձեզ հանդիպելու և ուրախ եմ տեսնելու Ձեր պատրաստակամությունն ու պատասխանատվությունն աշխատանքի նկատմամբ։ Բարձր եմ գնահատում մեր հարաբերությունները Հայաստանի Հանրապետության հետ, կարևորում եմ նաև մարզերի հետ իրականացվող տարբեր ծրագրերը։ Ուրախ եմ, որ պարեկային ծառայությունն է գործարկվում Շիրակի մարզում, բացվում են նոր հրշեջ փրկարարական կենտրոններ»։

Կողմերը խոսել են Շիրակի մարզի հիմնախնդիրներից, անդրադարձել առաջնային համարվող մարտահրավերներին։ Հովհաննես Հարությունյանը կարևորել է Շիրակի մարզի հնարավորությունների լիարժեք օգտագործումը, մասնավորապես, անդրադառնալով օդանավակայանի, նոր ենթակառուցվածքների գործարկմանն ու դրանցով պայմանավորված՝ մարզում տնտեսական նոր տեղաշարժին։

Տիկին Թրեյսին նշել է, որ կարևորում է տարբեր նախաձեռնությունների իրականացման ժամանակ համագործակցությունը։ Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի ներկայացման համար նոր հանդիպման հեռանկարը կարևորելով՝ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել երկխոսությունն ու համագործակցությունը։

773