
Սեպտեմբերի 10-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այցով եղավ Սեւան քաղաքում` ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը դիտարկելու նպատակով։
Ինչպես տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանից, այցի առաջին կանգառը Գրիբոյեդովի փողոցում էր, որտեղ արդեն ավարտական փուլում են գտնվում ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։
Փողոցի հիմնանորոգման համար նախատեսված տարածքը 4578 քառակուսի մետր է: Աշխատանքները ներառում են ասֆալտբետոնե ծածկույթի ֆրեզում, խարխլված բազալտե եզրաքարերի ապամոնտաժում, ապամոնտաժված եզրաքարերի տեղադրում, ծածկույթի կառուցում, փողոցի անցումների, անհարթությունների, երթևեկելի մասի գծանշում, ասֆալտբետոնե արգելակիչների և ճանապարհային նշանների տեղադրում, այլ բնույթի ու ծավալի աշխատանքներ: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 47 միլիոն 99 հազար դրամ, որի 60 տոկոսը ներդրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը` Սեւանի համայնքապետարանը։ Այս ծրագրի իրականացմամբ Սևան քաղաքում ավելացել է հիմնանորոգված փողոցների թիվը։
Մարզպետի այցի հաջորդ կանգառը բազմաբնակարան հինգ շենքերի բակերում էր, որտեղ մեկնարկել է ևս մեկ սուբվենցիոն ծրագիր։ Մեկնարկը տրվել է օրեր առաջ , 3-րդ միկրոթաղամասից` ներառելով Սևան համայնքի 2-րդ և 3-րդ միկրոթաղամասերի, Շահումյան փողոց 35, 37, 37 ա և Կարմիր բանակի փողոց 54, Նալբանդյան փողոցի 37, 39, 41, 43, 45, 47, 49, 51, Շինարարների 2 շենքերի բակային տարածքների ճանապարհները: Սուբվենցիոն այս ծրագրով իրականացվող աշխատանքները ներառում են եզրաքարերի ապամոնտաժում և վերատեղադրում, անհրաժեշտության դեպքում նոր եզրաքարերի տեղադրում, ճանապարհների հիմնատակի ուղղում և հարթեցում, խճային հիմքի կառուցում, դիտահորերի և ջրընդունիչների բարձրացում կամ իջեցում, ասֆալտբետոնե ծածկի իրականացում: Ասֆալտբետոնե ծածկույթի ընդհանուր մակերեսը 11 հազար 57քառակուսի մետր է: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 132 միլիոն դրամ:
Իրականացվող աշխատանքների արդյունքում էականորեն կբարելավեն բակերի տեսքը, կստեղծվի հարմարավետ և անվտանգ միջավայր, կկարգավորվի հետիոտների և ավտոմեքենաների երթևեկն ու անցուդարձը:
Գնել Սանոսյանը Գրիբոյեդովի փողոցի ասֆալտապատման աշխատանքներում նկատված շինարարական թերությունների շուրջ արեց իր նկատառումներն ու դիտողությունները՝ հորդորելով սեղմ ժամկետներում շտկել դրանք: