Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ Մասիս համայնքի Սիփանիկ բնակավայրի վարչական ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Խ.Մ.-ն, 2022 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում, այնուհետև՝ 2026 թվականի մայիսի 23-ից մինչև 2026 թվականի հոկտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում, Մասիս համայնքի Սիփանիկ բնակավայրում, առանց ջրօգտագործման թույլտվության, օգտագործել է ստորերկրյա ջրային ռեսուրսները՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 17.947.008 դրամի գույքային վնաս:

Դատախազի՝ 2026 թվականի հոկտեմբերի 22-ի որոշմամբ, Խ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 375.1-րդ հոդվածի 1-ին մասով: Սիփանիկ բնակավայրի վարչական ղեկավարը մասամբ՝  8 միլիոն դրամի չափով վերականգնել է պատճառված վնասը:

Դատախազը, քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու շրջանակներում պարզել է, որ վարչական ղեկավար Խ.Մ.-ն, 2007 թվականի օգոստոսի 13-ին իր կողմից վարձակալված գյուղատնտեսական նշանակության հողամասում՝ Մասիս համայնքի Սիփանիկ բնակավայրում, խախտելով վարձակալության վերաբերյալ համայնքի ղեկավարի հետ կնքված պայմանագրով նախատեսված պայմանները, ինքնակամ կառուցել է քարե ջրավազաններ՝ իրականացնելով ձեռնարկատիրական գործունեություն:

Դատախազի կողմից միջնորդագրեր են հասցեագրվել Մասիս համայնքի ղեկավարին՝ հողամասի վարձակալության պայմանագիրը, ինչպես նաև՝ Սիփանիկ բնակավայրի վարչական ղեկավար Խ.Մ.-ի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

Քրեական վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

98