Մինչև 2024 թվականի հունվարի 1-ը  շուրջ 36 սահմանապահ համայնքներում ապրող մեր հայրենակիցներն ամբողջությամբ կազատվեն հողի և գույքի հարկից: Այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ սահմանամերձ բնակավայրերի սոցիալական աջակցություն նախատեսող օրենքի նախագծի շուրջ հրավիրված ասուլիսին:

«Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ սահմանապահ բնակավայրերում ապրող մեր սիրելի քաղաքացիները, ցավոք սրտի, ամեն օր վտանգում են իրենց գույքը, կյանքը, առողջությունը՝ կապված հակառակորդի պարբերաբար վայրագությունների դրսևորման պատճառով, առաջարկվում է ևս երեք տարի` մինչև 2024 թվականի հունվարի 1-ը, շուրջ 36 սահմանապահ համայնքներում ապրող մեր հայրենակիցները ամբողջությամբ ազատվեն հողի և գույքի հարկից»,- նշեց պատգամավորը:

Հիշեցնենք, որ սահմանամերձ բնակավայրերի սոցիալական աջակցություն նախատեսող օրենքի նախագծով պետությունը մինչև 2024 թվականը պարտավորվում է փոխհատուցել սահմանամերձ 36 բնակավայրերի էլեկտրաէներգիայի, գազի և ոռոգման ջրի ծախսը, ինչպես նաև սահմանապահ համայնքների դպրոցներում սովորող աշակերտների դասագրքերը տրամադրել 50 տոկոս զեղչով, իսկ առանձին դեպքերում նաև անվճար: Ինչպես նաև կվերականգնվեն Ադրբեջանի կողմից հրետակոծության հետևանքով վնասված տները, եթե չեն հանգեցրել օթևանի կորստի:  Եթե հակառակորդի կրակոցների հետևանքով  կվնասվեն գյուղացիների կենդանիները, ապա պետությունը այս դեպքում ևս կտրամադրի փոխհատուցում:

Հայկ Մագոյան

 

2107