Ոստիկանությունը ՀՀ քաղաքացու անձնագրի եւ նույնականացման քարտի նոր դիզայնի մրցույթ է հայտարարել:

Ներկայացնում ենք հայտարարության տեքստն ամբողջությամբ.

«2021 թվականի հոկտեմբերի 15-ից, մեկամսյա ժամկետով, ոստիկանությունը հայտարարում է մրցույթ՝ ՀՀ քաղաքացու անձնագրի եւ նույնականացման քարտի նոր դիզայնի ընտրության նպատակով: Մրցույթին մասնակցել կարող են եւ՛ ֆիզիկական, եւ՛ իրավաբանական անձինք։

Մասնակցության հայտերը պետք է ներկայացվեն ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն (ք.Երեւան, Դավիթաշենի 4-րդ թաղամաս, 17/10 շենք):

Աշխատանքները պետք է ներկայացվեն փակ ծրարով` էսքիզի տեսքով։ Էսքիզները ներկայացվում են գունավոր՝ էլեկտրոնային կրիչի (վեկտորային ֆորմատով), ինչպես նաեւ՝ թղթի վրա (չափսը ընտրվում է մասնակցի կողմից)։

Մասնակիցն իր համար ստեղծում է նաեւ 5 նիշից բաղկացած ծածկանուն (թվերի եւ/կամ տառերի համակցությամբ), որն ամրագրում է բոլոր էսքիզների վրա:

Աշխատանքին կցվում է նաեւ հակիրճ բացատրություն՝ էսքիզում օգտագործվող պատկերների եւ զարդանախշերի, դրանց օգտագործման նշանակության, խորհրդի եւ նպատակի մասին: Ծրարի մեջ պետք է տեղադրվեն նաեւ հեղինակի անձնական տվյալների` անվան, ազգանվան, հայրանունի, հասցեի, հեռախոսահամարի վերաբերյալ թերթիկ եւ անձը հաստատող փաստաթղթի պատճենը։

Մրցույթն անցկացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով ստեղծված հանձնաժողովը:

Մրցութային ֆոնդը կազմում է 3 080 000 դրամ: Մրցութային ֆոնդը համամասնորեն, կախված աշխատանքի ամբողջական կամ մասնակի ընտրությունից, բաշխվելու է մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված աշխատանքների հեղինակների միջեւ:

 

Անձը հաստատող փաստաթղթերի դիզայնին ներկայացվող հիմնական պահանջների եւ մրցույթի անցկացման կարգի մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով www.police.am կայք։ «Հայտարարություններ» բաժնում տեղադրված է մրցույթի հայտարարությունը, որում կան հղումներ՝ ներբեռնելու հնարավորությամբ»։

1349