Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մամուլի շենքի դիմաց՝ Արշակունյաց պողոտայում իրար են բախվել երեք տրանսպորտային միջոցներ, այդ թվում՝ մարդատար «Գազել»: Տուժողներից մեկն էլ Բաքվի գերությունից վերադարձած Մարալ Նաջարյանն է:

Որպեսզի պարզենք, թե ինչպես է Մարալ Նաջարյանի առողջական վիճակը, Araratnews.am-ը կապ հաստատեց Մարալի հետ. «Ես ու քույրս 39 համարի երթուղային «Գազելի» մեջ էինք, նստած էինք հետնամասում: «Գազելին» հետևից շատ ուժգին հարվածեց մի մեքենա: Չիմացա, թե ինչ եղավ: Վիզս հետ գնաց, և  մի քիչ կորցրեցի գիտակցությունս, գլխապտույտ ունեցա: Մեզ տարան հիվանդանոց, բայց այս պահին ամեն բան լավ է»,- ասաց Մարալը՝ հավելելով, որ բժիշկը հետազոտել է ու տեղեկացրել, որ ամեն բան լավ է:

Araratnews.am-ի հարցին, թե իրենցից բացի այլ տուժողներ ևս եղել են, Մարալ Նաջարյանն ասաց, որ՝ ոչ, միայն ինքն ու քույրը, և հավելեց, որ երկուսն էլ արդեն լավ են, տուն են վերադարձել:

Հիշեցնենք`  Մամուլի շենքի դիմաց՝ Արշակունյաց պողոտայում իրար են բախվել երեք տրանսպորտային միջոցներ:

Հայկ Մագոյան

 

 

2853