Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը հարցապնդում է արել Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարար Նուրի Էրսոյին Թուրքիայի Էրզրում (Կարին) նահանգի Գեզ գյուղի հայկական Սուրբ Մինաս եկեղեցու պահպանության վերաբերյալ, գրում է ermenihaber.am-ը: 

Հայ պատգամավորը, հիշեցնելով, որ եկեղեցին մի քանի անգամ ենթարկվել է հարձակման, մի քանի հարց է ուղղել թուրք նախարարին:

Մասնավորապես Փայլանը հետաքրքրվել է, թե ինչու պետությունը չի ձեռնարկում համապատասխան միջոցներ, եկեղեցու պահպանման առումով:

Փայլանը հիշեցրել է, որ եկեղեցու շրջակայքում ապօրինի շինարարություն է իրականացվել, որի հետևանքով եկեղեցին շրջափակման մեջ է հայտնվել: Փայլանը իր դժգոհությունն է հայտնել, որ իշխանությունները որևէ կերպ չեն միջամտել այդ ամենին և հետևյալ հարցապնդումն արել:

«Արդյոք հայտնաբերվել են այն գանձագողերը, որոնք հարձակվել էին Սուրբ Մինաս եկեղեցու վրա, արդյո՞ք նրանց դեմ դատական գործ է բացվել, թե ոչ»,-ասել է Փայլանը:

Հիշեցնենք, որ 1790թ. կառուցված, այժմ կիսավեր վիճակում գտնվող եկեղեցին 2010-ին գրանցվել է որպես պատմական հուշարձան, ինչը ենթադրում է, որ շինությունը պետք է պահպանվեր պետության կողմից:

577