
Ինչպես սպասվում էր, Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի բանակցությունների սեղանին դրված է Ուկրաինայի թեման։ Սրան է նվիրված եղել հանդիպման հիմնական մասը։ Ինչպես նշել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ Ուկրաինայի թեման «շատ երկար է տևել»։ Մասնավորապես, ՌԴ ղեկավարը գործընկերոջը տեղեկացրել է Կիևի կողմից մինսկյան պայմանավորվածությունների չկատարման և պայմանավորվածությունների սաբոտաժի, ինչպես նաև շփման խմբի շրջանակներում բանակցային գործընթացի ձգձգման մասին։
Սրանի ի պատասխան՝ Բայդենն ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի անհանգստությունն է հայտնել Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական զորքերի տեղաշարժերի կապակցությամբ։ Սպիտակ տան ղեկավարը, ըստ Ուշակովի, նաև զգուշացրել է Պուտինին, որ ԱՄՆ-ը լայնածավալ պատժամիջոցներ է նախապատրաստում Ուկրաինայի շուրջ իրավիճակի հետագա սրման դեպքում։ «Ե՛վ տնտեսական, և՛ ֆինանսական, և՛ քաղաքական, որոնք կօգտագործվեն, եթե Ուկրաինայի շուրջ իրավիճակը շարունակի սրվել»,- ասել է նախագահի օգնականը։
Ուշակովը նաև շեշտել է, որ որևէ քննարկում չի եղել այն մասին, թե արդյոք ԱՄՆ-ը զորք կուղարկի Ուկրաինա՝ հնարավոր ներխուժման դեպքում։
Վլադիմիր Պուտինն իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ առցանց բանակցությունների ժամանակ խոսել է նաև Մոսկվային անհանգստացնող «կարմիր գծերի» և սպառնալիքների մասին։ ՌԴ նախագահը խոսել է ՆԱՏՕ-ի դեպի արևելք հետագա առաջխաղացման և Ուկրաինայում ու Ռուսաստանին սահմանակից այլ երկրներում հարձակողական զենքի տեղակայման մասին։
Պուտինը, ինչպես նշել է Կրեմլի խոսնակը, ուղղակիորեն մտահոգություն է հայտնել Բայդենին, որ Ուկրաինան և ՆԱՏՕ-ն ուժեղացնում են իրենց ռազմական հզորությունը։ «Այդ կապակցությամբ մեզ անհրաժեշտ են որոշակի երաշխիքներ, այդ թվում՝ իրավական բնույթի, որոնք ապահովում են մեր անվտանգությունը և պայմաններ ստեղծում մեր բնականոն զարգացման համար»,- փոխանցել է Ուշակովը Պուտինի խոսքերը։
Ուշակովը, մեկնաբանելով ընդհանուր հանդիպումը, նշել է, որ երկխոսության մեջ բեկում չկար։ Նա շեշտել է, որ Ռուսաստանին և ԱՄՆ-ին երկար ժամանակ կպահանջվի հարաբերություններում առկա խնդիրները լուծելու համար։ «Այնքան խնդիրներ են կուտակվել, որ այն հնարավոր չէ կարգավորել մեկ ամսում, գուցե անգամ մեկ տարում»,- նշել է նա։
Պուտինն ու Բայդենը հասկանում են, որ չպետք է սահմանափակեն երկխոսությունը, նրանք հատուկ պատասխանատվություն ունեն խաղաղության և կայունության պահպանման համար, ընդգծել է նախագահի օգնականը։ Երկու երկրների ղեկավարները նույնպես կարծում են, որ անհրաժեշտ է ձգտել հարաբերությունների կարգավորմանն ու համագործակցության զարգացմանը։ «Սա զրույցի նախաբանն էր»,- ասել է Ուշակովը։
Բացի այդ, արդեն այլ երկրներ են մեկնաբանել այս հանդիպումը։ Չինաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Չինաստանը ուրախ է տեսնել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև երկխոսությունը և հարաբերությունների բարելավումը, որոնք ունեն զգալի միջազգային ազդեցություն և կարևոր պատասխանատվություն՝ գլոբալ խաղաղության և անվտանգության պահպանման համար։
Անմասն չի մնացել նաև Ուկրաինան։ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի բանակցությունները կնպաստեն Եվրոպայում ճգնաժամի թուլացմանը, հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։