Քաջարանի համայնքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշվում է.

«Հարգելի քաջարանցիներ, ամենօրյա ռեժիմով ստանում ենք համայնքի բնակիչների բողոքները՝ համայնքում թափառող շների կողմից առաջացրած խուճապի և վտանգների մասին։

Թող այնպիսի տպավորություն չստեղծվի, որ համայնքային իշխանությունը չի փորձում միջոցներ ձեռնարկել այդ խնդրի վերացման համար՝ բնավ ոչ։ Խնդիրն ավելի խորքային է, և կփորձենք այն ներկայացնել ձեզ։

Այս խնդիրը ոչ միայն Քաջարան քաղաքին է վերաբերվում, այլ նաև համայնքին և հարակից բնակավայրերին։
Այս իրավիճակը ստեղծվել է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքի հետևանքով։ Այսինքն մենք չենք կարող թափառող շներին վերացնել՝ սպանելու միջոցով, որը քրեորեն պատժելի արարք է։

Քրեական օրենսգրքի 258.2 հոդվածը սահմանում է կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար նախատեսված պատիժները:

Ըստ օրենքի․

1. Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը, այն է՝ կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատելու, ուժեղ հարվածելու, մտրակելու, հրազենով կրակելու, թունավորելու կամ այնպիսի նյութ ներարկելու միջոցով, որ հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան, ողջ վիճակում կենդանուն մաշկահատելը, անդամահատելը, կրակը նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը, կենդանիների մարտեր կազմակերպելը և իրականացնելը, ինչպես նաև կենդանիների նկատմամբ սահմանված կարգի խախտմամբ գիտաուսումնական փորձարկումներ կատարելը և այլ դաժան վերաբերմունքը՝ պատժվում է տուգանքով՝ 100․000-300․000 դրամի չափով, կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 1 տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,


2) առանձին դաժանությամբ,
3) մանկահասակի ներկայությամբ,
4) երկու կամ ավելի կենդանիների նկատմամբ՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 300․000-500․00 դրամի չափով, կամ ազատազրկմամբ՝ 1-3 տարի ժամկետով:

Իսկ ավելի պարզ լինելու համար՝ ձեզ ենք ներկայացնում`

«Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին Հայաստանի Հանրապետության օրենք»-ի հոդված 15-ի որոշ կետեր՝

4. Թափառող կենդանիների բռնումն իրականացվում է կացարաններ տեղավորելու համար՝ գրանցման, պատվաստման, ամլացման (ստերջացում, ամորձատում), հիվանդ կենդանիների մեկուսացման, սեփականության իրավունքով հետագա փոխանցման (ընտելացում, որդեգրում), ինչպես նաեւ նման կենդանիների կողմից ֆիզիկական անձանց կյանքին, առողջությանը եւ կամ գույքին, իրավաբանական անձանց գույքին հնարավոր պոտենցիալ ռիսկերի (եթե այդպիսիք գոյություն ունեն) կանխարգելման նպատակներով։

5. Թափառող կենդանիների բռնումը միայն նրանց մահացնելու նպատակով արգելվում է։

6. Թափառող կենդանիների գլխաքանակի կարգավորումն իրականացվում է զանգվածային ամլացման (ստերջացում, ամորձատում) միջոցով՝ դրան հաջորդող նրանց ազատ արձակմամբ:

7. Թափառող կենդանիներին բռնելու ընթացքում արգելվում է կիրառել այնպիսի մեթոդներ, նյութեր եւ տեխնիկական հարմարություններ, որոնք կարող են հանգեցնել վնասվածքների, խեղումների, մահվան կամ վտանգավոր են նրանց կյանքի եւ առողջության համար։

Քաջարանի համայնքապետարանը՝ բազմիցս այս խնդիրը բարձրաձայնել և ներկայացրել է պատկան համապատասխան մարմիններին, սակայն մեր տարածաշրջանում չկա նման մասնագիտացված կազմակերպություն, որպեսզի կարողանանք իրականացնել վերոնշյալ օրենքի կետերը, իսկ համայնքը չունի բավարար ֆինանսական միջոցներ՝ նման կազմակերպություն հիմնելու և համայնքում 200-ից ավել թափառող շներին ըստ օրենքի մեկուսացնելու, ստերջացնելու, բուժելու և խնամելու համար։

Մենք շատ լավ գիտակցում ենք, որ սա նաև բնակչության անվտանգության և միջավայրի սանիտարահիգիենիկ վիճակի վատթարացման հարց է, ուստի այս կարևոր խնդիրը մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում է և փորձում ենք օրենքով սահմանված կարգով և հնարավորինս սեղմ ժամկետներում խնդրին լուծում տալ».- նշված է հայտարարության մեջ։

255