Եվրամիությունում դժվար թե հայտնվեն պետություններ, որոնք կճանաչեն Ռուսաստանի այս քայլը, և հիմնական արձագանքը լինելու է այն ոգով, որ երկրները ճանաչում են Ուկրաինան՝ իր միջազգային ճանաչված սահմանների մեջ, որը ենթադրում է նաև Ղրիմը, և դրա հետ միասին դժվար թե կարելի է ակնկալել ռազմական գործողությունների շարունակական սրում, թեպետ այն ժամանակ էլ դա եղել է սցենարներից մեկը, որը ենթադրում էր, որ Ուկրաինան կարող է իրականացնել գործողությունները Դոնեցկի և Լուգանսկի դեմ: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, ԱՊՀ ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարգարովը՝ անդրադառնալով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անկախությունը ճանաչելուն:
Ռուսաստանը հիմա ունի սեփական նոր հիմնավորում՝ ասելով, որ իրենք ունենալով համապատասխան դաշնակցային պայմանագիր Լուգանսկի և Դոնեցկի հանրապետությունների հետ, որոնց ճանաչումը տեղի ուենցավ երկու օր առաջ, ստանում է համապատասխան իրավական հիմք՝ ներգրավված լինելու, եթե հանկարծ տեղի ունենան ռազմական գործողություններ: Այս ճանաչումը նվազեցնում է Ուկրաինայի կողմից համապատասխան գործողությունների հավանականությունը այս երկու չճանաչված միավորների կամ հանրապետությունների դեմ»,- ասաց նա, ապա նշեց, որ ճանաչումից հետ Ուկրաինայի համար ստեղծվում են այլ պայմաններ:
«Պուտինը սեփական վարչակարգի համար ստեղծեց լեգալ և լեգիտիմ հիմքերը՝ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանի ուժային կառույցների օգտագործումը համապատասխան հնարավոր հարձակման դեպքում՝ Լուգանսկի և Դոնեցկի հանրապետությունների վրա, Ուկրաինան հիմա արդեն կարող է անմիջականորեն հանդիպել Ռուսաստանի ռազմական ներկայացուցչության հետ: Պարզ է, որ գլոբալ հանրության համար այս հիմնավորումները չեն լինելու ընդունելի, բայց բոլոր դեպքերում կան չճանաչված պետություններ, որոնց դերակատարությունը և կարգավիճակը կախված է նաև սեփական հովանավորների գոյությունից»:
Ամեն դեպքում, Ալեքսանդր Մարգարովը նշեց, որ քիչ հավանական է, թե Արևմուտքը անմիջականորեն ներգրավված կլիներ ռազմական գործողությունների մեջ նաև երկու օր առաջվա պայմաններում:
«Այստեղ պետք է ունենալ շատ լուրջ երևակայություն և ակնկալիքներ, որպեսզի անմիջական ուժային բախման մեջ մտնեն Ռուսաստանի հետ, բայց այդ սցենարը բացառել հնարավոր չէ»,- հավելեց նա:
Անդրադառնալով Հայաստանի դիրքորոշմանը այս հարցերի վերաբերյալ՝ Ալեքսանդր Մարգարովը նշեց, որ Հայաստանի մոտեցումը կարող է լինել այն, որ կոնֆլիկտները լուծվեն բանակցային սեղանի շուրջ և ոչ թե ռազմական ճանապարհով, առավելևս, որ նույն փորձը, որը մենք ունենք մեր տարածաշրջանում, ցույց է տալիս, որ ռազմական ուղիով իրականացվող գործողությունները, միևնույն է, լուծման չեն բերում:
«Կտրուկ քայլեր՝ կապված Լուգանսկի և Դոնեցկի հանրապետությունների ճանաչման հետ, ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի կատարելու, քանի որ այս պահին մենք չունենք հիմքերը՝ ճանաչելու այս երկու սուբյեկտները, ինչպես որ առայժմ չենք ճանաչում Արցախի Հանրապետությունը»,- ասաց փորձագետը: