Շարունակում ենք ներկայացնել Արծրուն Հովհաննիսյանի աշխատությունների շարքը ռազմարվեստի և պատերազմների մասին։ 

Մաս II

Փոքրաքանակ ու արագագործ բանակների ընդհանուր դասակարգման մեջ են նաև այսպես կոչված ոչ դասական բա­նակները, որոնց երբեմն անվա­նում են պարտիզանական, ահաբեկչական, անկանոն զինված խմբավորումներ և այլն: Միգուցե դրանք այդ մոդելի ծայրահեղ, երբեմն ծայրաստիճան աղա­վաղված տարատեսակն են, սակայն մեր խորին համոզմամբ այս դաշ­տում են, այս դասակարգման մեջ են: Նմանօրինակ խմբերի գործողությունները, որոնք երբեմն չափազանց դաժան են, դա­սական կանոններին չեն համապատաս­խա­նում, իրականում հենց կարևորագույն երեք գործոններից առաջինի, մասամբ էլ՝ երկ­րորդի դրսևորումն են: Հաճախ երկրորդ և երրորդ գործոնների բացա­կայությամբ է պայմանավորված, որ դրանք այդքան ծայրահեղ են: Տարբեր վայրի ցեղերը և փոքրաթիվ ուժերը ասպատակությունների ժամանակ կամ ինքնապաշտպանական կռիվներ վարելիս գործում էին անկանոն, ոչ դասական մարտավարությամբ ու ձևերով, քանի որ նախ երրորդ գործոնի՝ մի­ջոց­ների խնդիր ունեին, չէին կարող ճակատային մոդելով հանդես գալ, սակայն միևնույն ժամանակ մարտիկների բարձր ոգի ունեին:

Ձիու արագությունը մի քանի անգամ ավելացրեց զորաշարժերի ու գրոհ­ների արդյունավետությունը, նետերը, աղեղնե­րը մի քանի անգամ մեծացրին հարվածի հեռահարությունը, իսկ մետաղական սուրը կտրուկ թուլացրեց պաշտպանական հիմ­նա­կան բոլոր միջոցների արդյունավետությունը: Հետա­գայում ջախջախման այդ մոդելը փայլուն կիրառեց Ալեքսանդր Մե­ծը, որը նաև համաշխարհային ռազմարվեստում առաջինը ներդրեց համազորային մարտի նախամոդելը: Զորատեսակների ճիշտ համագործակցությամբ այն հավասարը չուներ, և երկար ժամանակ՝ անգամ իրենից հետո, որևէ մեկը դա չկարողացավ անել: Դա ավանդական այրուձին հունական փաղանգներին միացնելու առա­ջին փորձն էր: Նման իդեալական մակարդակի հե­տա­գայում չկարողացավ հասնել նույնիսկ հռոմեական բանակը, քանի որ այն ստեղծվեց և մինչև վերջ մնաց իր դասական տեսքով՝որպես հետևակային բանակ:

Մեթոդական գործողությունների առումով, այսինքն՝ հյուծման ռազմա­վա­րությամբ կռվող բանակներից աշխարհում մեծ անուն է թողել հատկապես հռո­մեական բանակը:

Պատերազմները փուլային հերթագայում ունեն. հյուծման պատերազմ­նե­րի դարաշրջաններին հաջորդել են կայծակ­նա­յին պատերազմների դարա­շրջան­ները և հակառակը: Նույն ժամանակ դասական մեծ ու հյուծման մոդելի բա­նակներին հա­ջո­ղությամբ հակադարձում են անկանոն բանակները, զինված խմբերը և հաճախ պարտության են մատնում: Սա ռազմական մտքի մշտա­կան պայքարի արդյունքն է: Սակայն Սուն Ցզին ասում էր, որ պատերազմները չեն սիրում ձգձգում. դրանք հյուծում են զինվորներին ու ժողովուրդներին: Այս միտքը լավ են սերտել նաև շտաբները, որոնք սովորաբար կարճ պատե­րազմ­ներ են պլանավորում:

Բանակների կառուցվածքը, մարտավարությունը, պատրաստությունը, ապահովման բազում հանգամանքներ և այլն են­թարկ­վում են այս երկու մոդե­լին. մեկը՝ փոքր ուժերով արագաշարժ գործողություններ, մյուսը՝ մեծ ուժերով դանդաղ գործո­ղություններ, այսինքն՝ ջախջախման կամ հյուծման պատերազմ: Փորձը ցույց է տալիս, որ առաջինները, եթե ծայրահեղ դրսևոր­ման մեջ չեն, ապա երկրորդին ոչ միայն չեն զիջում, այլև գերազանցում են մինչև 5-6 անգամ ուժերի հարա­բե­րակ­ցության դեպքում: Հաճախ չափերով փոքր, բայց բարձր պատրաստությամբ բանակները այդ հարաբերակցությամբ հարձակ­վում և հաղթում են քանակական գործոնով բանակներին: 5-6 անգամից ավելի հարա­բերակցության դեպքում նույնիսկ դա որոշիչ չի լինում, մինչև 8-10 անգամ՝ եթե պատերազմը երկար չի տևում:

Երկար տևելու դեպքում այն կարող է ստանալ ծայրահեղ դրսևորում, որը հաճախ անվանում են պարտիզանական կամ անկանոն մարտական գործողու­թյուններ: Դրանք, ինչպես նշեցինք, որպես կանոն ռեսուրսների և/կամ պատ­րաստության պակասի հետևանք են:

Ռազմարվեստի առաջին երկու մակարդակներում քանակական գործոնին հիմնվելը երկարաժամկետ հատվածում կարող է հաղթանակ ապահովել, սա­կայն ռազմավարության մակարդակում, կամ ինչպես Լ. Հարթն էր ասում, մեծ ռազմավարության մակարդակում այդ մոտեցումը փակուղային է, այսինքն՝ մի­այն քանակը ինքնին որակի չի վերածվում այս մակարդակում: Եթե որակի որո­շակի չափանիշների բարձրացումը առաջընթաց չունեցավ, ապա պարտու­թյունն անխուսափելի է, հատկապես երբ մրցա­կիցը քանակի մեծ խնդիր չունի: Հարցն այստեղ նախևառաջ կառավարման որակն է, մշակույթը, որն էլ իր հեր­թին լի­նում է քանակական ու որակական: Ռուսական ռազմագիտական մտքի առաջատարներն ընդունում են, որ միայն քանակին հիմնվելու պատճառով նաև պարտվեցին Սառը պատերազմում, քանի որ նրանք կարծում էին, թե Երկ­րորդ համաշխարհային պատերազմի (ԵՀՊ) հաղթանակը նույն ձևով կարող է նաև հաղթանակ ապահովել Սառը պատերազմում, այսինքն՝ տիպիկ օրի­նակ, որ գեներալները երբեմն նախորդ պատերազմներին են պատրաստվում և ան­հրաժեշտ չափի չեն ընկալում նոր պա­տե­րազմների բնույթը: Գեներալների՝ ան­ցյալի պատերազմներին պատրաստվելու հարցը ռազմարվեստի մեջ առանց­քային խնդիրներից է:

Ռազմագիտության մեջ հիմնական նորարարությունների հեղինակը դառ­նում են հաղթական կարճատև գործողություն­ներ իրականացրած բանակները: Հարցը այն է, որ նման բանակները, մեծ տեղ տալով պատրաստությանը, գործի իմա­ցու­թյանը, որակին, մշտապես ստեղծագործ մտածելակերպով նորարարու­թյուններ են կատարում:

Լինում են համեմատաբար մեծաքանակ, սակայն արագագործ ու լավ կառավարվող բանակներ, օրինակ՝ Վերմախտը (մինչև 1943 թ.), ամերիկյան բանակը (1944-1945 թթ.) և հատկապես 1991 թ.-ից մինչ օրս: Սակայն դրանք միևնույն է հատկանիշների ընդհանրությամբ ավելի շատ կողմնորոշված են դե­պի փոքրաքանակ ուժերի գործողություններ:

Մարտական գործողությունները, ըստ տևողության, պետք է բաժանել երեք խմբի՝ կարճատև (մինչև մի քանի շաբաթ, առավելագույնը՝ երեք ամիս), միջին տևողության (մինչև մեկ տարի), երկարատև (մեկ տարուց մինչև մի քանի տարի):

Մարտի, պատերազմի սկզբնական փուլում հաջողության են հասնում առավել պատրաստ, կատարյալ բանակները, հա­ջորդ փուլերում կարող են հաղթել վատ պատրաստված, սակայն մեծ միջոցներ ունեցող բանակները: Իրենց բնույթով բոլոր ԳՇ-ների պլաններն էլ ենթադրում են արագ ջախջախ­ման, կայծակնային հաղթանակի գործողություններ, ուղղակի շատ քա­ղա­քա­կան ու ռազմական հանգամանքներ այդ գործողությունները դարձնում են եր­կարատև: Բացի դրանից՝ պլանը կարող է շատ լավը լինել, սակայն բանակի իրական ներուժը այդ պլանում սխալ գնահատված լինի: Ոչ մի զորավարի հիա­նալի պլան եր­կար կյանք չունի. բոլոր պատերազմների առաջին իսկ մեծ մար­տերը քանդում են նախնական պլանները: Սակայն տաղան­դա­վոր զորավար­նե­րը մշտապես կարողանում են ճկուն որոշումներ կայացնել և պլանի փոփո­խու­թյուններ իրականացնել: Մեր­օրյա պատերազմներում հատկապես հզոր բա­նակները նրանով են բացառիկ, որ կանխավ արդեն ունեն յուրաքանչյուր փո­փո­խության պլաններ:

Դա կրկին առաջ է բերում այն երեք գործոնից երկուսի առավելության հարցը, այսինքն՝ մարտական բարձր ոգին և պատ­րաստությունը իրավիճակի շեշտակի փոփոխությունների դեպքում իրենց մակարդակի առավելությունն զգացնել են տա­լիս: Իսկ մեծաքանակ ու դանդաղաշարժ բանակները պատ­րաստ են միայն իրենց ուզած սցենարով մարտական գործողու­թյուն­ներին: Իհարկե, այստեղ կրկին ռազմավարական գործոններ են ասպարեզ գալիս: Եվ առհասարակ որևէ բան, այդ թվում նաև գաղափարական, ոգեղեն գործոնների նշանակությունը ևս երբեմն գերագնահատել պետք չէ, ինչպես օրինակ՝ Հիտ­լերը ԽՍՀՄ ներխուժելու պահին, չնայած բոլոր հորդորներին՝ արագ գրավել կենտրոնական ուղղությունը, պնդում էր, որ ռազմա­վարական կարևորություն ունի հենց Լենինգրադը՝ որպես բոլշևիզմի խորհրդանիշ: Հետո նա բազմիցս տատանվեց, չկողմնո­րոշ­վեց ռազմավարական ուղղության կարևորության հար­ցում և կորցրեց թանկարժեք ժամանակը: Այդ սխալը հետո շատ ծանր ազ­դեցու­թյուն ունեցավ գերմանական հրամանատարության վրա:

Ռազմավարությունը մարտավարությունից առաջինը տարանջատող ռազ­մական տեսաբան Դիտրիխ ֆոն Բյուլովը նշում էր. «Ես երեք անգամ կարող եմ ստորագրել այն, թեկուզ նոր կանոնի տակ, որ երբեք չարժի վարել պաշտպա­նողական պատերազմներ, այլ հարկավոր է անհապաղ անցնել հարձակողա­կանի՝ գործելով հակառակորդի թևերում ու թիկունքում»:

Ջախջախման, արագ պատերազմը որակյալ զորքերի նախևառաջ շար­ժունակ պատերազմն է: Ինչպես ցույց է տալիս ամե­րիկ­յան տեսաբանների ավե­լի քան 50-ամյա պատերազմների մանրակրկիտ վերլուծությունը, մարտում պարտության և հաղթանակի հիմնական գործոնները դասակարգվումեն հե­տևյալ կերպ՝

- շարժունակության գործոն՝ 67 %

- կրակի հզորության գործոն՝ 12 %,

- օգնության գործոն՝ 12 %,

- մնացածը՝ այլ գործոններ:

Այսինքն՝ մարտում որոշիչ գործոնը խուսանավումն է, որը երկու այս գոր­ծոնների հետ արդեն հաղթանակ է ենթա­դրում: Տոկոսները վերաբերում են ինչ­պես հաղթանակի ապահովման, այնպես էլ պարտության պատճառներին:

Այս ամենը խիստ կապված է նաև պատերազմների սերնդային փոփոխու­թյան հետ: Երբեմն պատերազմների սերունդ­ների փոփոխությունը նպաստում է այս կամ այն մոդելի զարգացմանը: Դա իրականացվում է ըստ տվյալ պետու­թյան տնտե­սա­կան, քաղաքական, սոցիոլոգիական, կրթական ու գիտական մակարդակի և տեխնիկական միջոցների:

Չնայած ռազմական տեսաբանները ձգտում են, որ տեխնիկական յուրա­քանչյուր նոր միջոց, հետևաբար նաև նոր սերնդի պատերազմ օգտագործեն այնպես, որ այդ պատերազմը ավելի կարճ տևի, սակայն միշտ չէ, որ ստացվում է: Ցանկա­ցած նորամուծություն զինվորականները սիրում են օգտագործել, որպեսզի պատերազմն արագ ավարտեն ու հաղթա­նակեն:

Պատերազմելու որակի ու հաջողության հասնելու հարցում չափազանց կարևոր են նաև լավ պլանավորումը և հստակ իրագործումը: Մենք ռազմագոր­ծողությունների պլանավորման և հստակ իրագործման, բոլոր զորատեսակ­ների ու միավո­րում­ների ներդաշնակ, հստակ բաժանված դետալ­ներով գործո­ղություններն անվանում ենք «Սիմֆոնիա»: Սակայն պետք է հստակ հասկա­նալ, որ պլանները շատ արագ խախտվում են. հենց սկզբից կարող են ընթանալ մի քիչ այլ ուղղությամբ: Այդ­տեղ արդեն զորավարի և շտաբի աշխատանքի որակը երևում է այդ ծրագրերի հղկմամբ, դրանք արագ ու ճկուն նախնական պլա­նին, մտահղացմանը հարմարեցմամբ: Ես դա անվանում եմ «ՍԻՄՖՈՆԻ­ԱՅԻ ՀՂԿՈՒՄ»: Հենց այս գործառույթով են չափվում տվյալ բանակի ղեկա­վար օղակների ճկունությունն ու զորեղությունը:

Այստեղ հետաքրքիր է նաև տարածքի դերը: Տարածքը հանդես է գալիս տարբեր կերպ: Այն ունի շատ տարբեր նշանա­կություններ՝ որպես հարթություն, որի վրա զորքերը պետք է խնդիր կատարեն, ռազմավարական ռեսուրս, որը կարող են զի­ջել ժամանակ շահելու համար և այլն: Հաճախ են ղեկավարները տարածքները զիջել զորքը փրկելու համար և հակառակը՝ զոր­քը կոտորել չնահանջելու հրամաններով: Տարածքների հաշվին զորքը փրկած հրամանա­տարները ավելի շատ են հաղթել, սակայն դա հիմնականում այն պատերազմ­ներում, երբ խնդիրը շատ հստակ է ու դասական: Քաղաքականապես անհստակ պատերազմներում, երբ դիմացինի խնդիրները սահմանափակ են, այն չի ցան­կանում քեզ դասական իմաստով պարտության ու կապիտուլյացիայի բերել, ինչպես նաև ունի շեշտակի հզորության առավելություն քո նկատմամբ, ապա բանակի պահպանումը ոչինչ չի կարող տալ, քանի որ դիմացինը կարող է ավե­րել ամբողջ տնտեսությունը և այլն:

 

 Սա նաև ռազմարվեստում առաջին փորձն էր հարվածը հասցնել հեռվից, այսինքն` այսօր լայնորեն քննարկվող հեռահար գործողությունների նախահիմքը: Առաջին անգամ զուտ մարմնով հարվածին եկավ լրացնելու նաև հեռահար հարվածը:

 R. Mockaitis, Thomas, British Counterinsurgency, 1919-1960, New York: St. Martin's Press, 1990, pp. 10-29, Borum, Randy. «Seven Pillars of Small War Power.» Military Review, Vol. 91, No4, 2011, pp. 35-45, D. Galula. Counterinsurgency Warfare: Theory and Practice. Westport, Connecticut: Praeger Security International, 1964, pp. 8-39.

 Բլիցկրիգի կամ փոքր բանակների արագագործ մարտավարության ծայրահեղ դրսևորումները հիմնա­կանում այսպես կոչված անկանոն խմբավորումներն են, որոնց դեռ կանդրադառնանք:

 А. И. Владимиров, Основы обшей теории войны, ч. 1, Основы теории войны, М., 2013, стр. 199-200.

 К. А. Залесский, Германская военная мысль, М., 2012, стр. 60.

 A. Roberts, Criteria defeat: the experience of past wars, Army 3, 1991.

Նաև այս կանոնն է, որ պարտիզանական, անկանոն խմբավորումների գործողությունների հիմքում է:

777