
Սևանա լճի ափամերձ հատվածների մաքրման համար այդքան անհրաժեշտ տեխնիկայի մեկ միավոր ևս տեղ է հասել:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
Տեխնիկան ձեռք է բերվել դրամաշնորհային միջոցներով՝ «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի ՄԱԶԾ կողմից իրականացվող 5-րդ բաղադրիչի շրջանակներում:
Այն հնարավորություն կտա նոր թափով իրականացնել ջրածածկ տարածքների մաքրման և աղբի տեղափոխման աշխատանքները։
Ափամերձ անտառաշերտը հատուկ տեխնիկայի և ձեռքի աշխատանքի օգնությամբ մաքրվում է ծառերից, թփերից ու բուսական այլ համակցություններից:
Մաքրման ենթակա տարածք է մինչեւ 1901,5 մ նիշն ընկած առափնյա գոտին, որի մի մասն արդեն անցել է ջրի տակ, մի մասն էլ՝ ճահճի վերածվել։
Այս ամենի գերնպատակը մեկն է՝ վերականգնել Սևանա լճի էկոհամակարգը և երաշխավորել լճի անխոչընդոտ առողջացումը։