
Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Ջոն Միրշայմերը, որը միջազգային հարաբերությունների ներկայիս ամենահայտնի ուսումնասիրողներից է, համարվում է հարձակողական ռեալիզմի տեսության հիմնադիրներից մեկը։ Նա պնդում է, որ պետությունները հազվադեպ են բավարարվում համաշխարհային ասպարեզում իրենց ազդեցության մակարդակով և միշտ փորձում են գերակայություն ձեռք բերել մյուսների նկատմամբ՝ լիարժեք անվտանգության հասնելու համար:
Հոդվածում ներկայացնում ենք նրա 2014 թ․ հրապարակված «Ինչո՞ւ է ուկրաինական ճգնաժամը Արևմուտքի մեղքով» աշխատությունը, որտեղ ընդհանուր միտքը կառուցում է այն տրամաբանությամբ, որ ուկրաինական ճգնաժամը ոչ թե ռուսական ագրեսիայի, այլ Արևմուտքի ընդլայնման ծրագրի արդյունք է, ուստի Արևմուտքը կրում է այս ճգնաժամի պատասխանատվության մեծ մասը։
Հեղինակը, ներկայացնելով այն մեծ ռազմավարական նշանակությունը, որն ունի Ուկրաինան Ռուսաստանի համար, զգուշացնում է, թե ինչի կարող է հանգեցնել Արևմուտքի և հենց Ուկրաինայի համար երկրի «վեստերնիզացիան», այդ թվում՝ ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցումը։ Նա շեշտում է, որ այն կարող է անգամ հանգեցնել նրան, որ Ուկրաինան ինչ-որ պահի կդադարի գոյություն ունենալ որպես պետություն։
Միրշայմերը ներկայացնում է 1990-ականներից հետո ՆԱՏՕ-ի ընդլայնման քաղաքականությունը դեպի Արևելյան Եվրոպա։ Չնայած նրան, որ խորհրդային իշխանությունները դեմ չէին, որ ՆԱՏՕ-ն մնա Եվրոպայում՝ որպես զսպող ուժ միավորված Գեմանիայի համար, սակայն չէին հաշվարկել, որ ՆԱՏՕ-ն փորձեր կանի հայտնվել Ռուսաստանի ազդեցության գոտիներում։ Իր հերթին, ՆԱՏՕ-ն միշտ հայտարարել է, որ չունի նման նպատակներ։ Սակայն Քլինթոնի վարչակազմից ի վեր ՆԱՏՕ-ին անդամակցեցին Չեխիան, Հունգարիան և Լեհաստանը, այնուհետև Բուլղարիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Ռումինիան, Սլովակիան և Սլովենիան, իսկ արդեն 2009-ին դաշինքին միացան Ալբանիան և Խորվաթիան։ Չնայած Ռուսաստանի համար այս ամենը ընդունելի չէր, սակայն այլ հարց առաջացավ, երբ 2008 թ․ Ջորջ Բուշը հայտնեց Վրաստանի և Ուկրաինայի անդամակցման հնարավորությունների մասին։ Ռուսաստանը Աբխազիայով և Հարավային Օսիայի դեպքերով հասկացրեց Արևմուտքին, որ շատ լուրջ խնդիրներ կունենա, եթե փորձի քայլ անել դեպի այս երկրներ։
Հեղինակը նշում է, որ Եվրոպան՝ Ֆրանսիայի և Գերմանիայի գլխավորությամբ, այդքան կտրուկ չէր այս հարցում, ինչպես ԱՄՆ-ը։ Նա նշում է, որ Եվրոպան, հատկապես տնտեսական գործոնով պայմանավորված, չի ցանկանա Ռուսաստանի հետ թշնամական հարաբերություններ ստեղծել։ Չնայած դրան, Եվրոպան էլ իր հերթին ստեղծեց Արևելյան գործընկերություն նախաձեռնությունը, որով փորձում էր հետխորհրդային երկրներին «կտրել» Ռուսաստանից։
Քաղաքագետը Ռուսաստանից Ուկրաինային անջատելու տարբերակ է համարում նաև երկրում ժողովրդավարության խթանումը, որի համար Արևմուտքը միլիարդներ է ծախսել։ Նա նշում է, որ սա հատկապես վախեցնում է Ռուսաստանին, որովհետև ժողովրդավարությունը ավելի է մոտենում ՌԴ-ին և կարող է վերջ դնել ռուսական իմպերիալիզմին։
Ընդհանուր առմամբ, ըստ հեղինակի, Արևմուտքի քաղաքականության եռակի փաթեթը՝ ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի ընդլայնումը և ժողովրդավարության խթանումը, յուղ լցրեց կրակին, որն սպասում էր բռնկվելուն: Այս ամենի արդյունքում տեղի ունեցավ Մայդանը, ինչը հանգեցրեց Ռուսաստանի կողմից Ղրիմը վերցնելուն և Ուկրաինայի արևելյան անջատողականներին աջակցություն ցույց տալուն։ Հեղինակը, վերլուծելով իրադարձությունները, շեշտում է, որ Պուտինի նման գործելաոճը պետք է անակնկալ չլիներ Արևմուտքի համար, քանի որ սխալ է ժխտել աշխարհաքաղաքականության գործոնը։ Մեծ պետությունները միշտ էլ զգայուն են իրենց տարածքների մոտ հնարավոր սպառնալիքների հանդեպ։
Ըստ հեղինակի՝ ԱՄՆ-ը չհասկացավ, որ դեպի Ուկրաինա ընդլայվելը կարող է մեծ բախում առաջացնել Ռուսաստանի հետ։ Սրա հիմքը նա տեսնում է 1990-ականներին Քլինթոնի վարչակազմում լիբերալիստների սխալ հաշվարկների հետ, որոնք կարծում էին, որ միջազգային քաղաքականությունը հիմնովին փոխվել է, Ռուսաստանը այլևս չի կարող սպառնալիք ներկայացնել իրենից։ Ի հակադրություն նրանց՝ ռեալիստները, Ջորջ Քենանի գլխավորությամբ, ընդլայնումը համարում էին ողբերգական սխալ։
Արդյունքն այն է, որ Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները անգիտակցաբար մեծ ճգնաժամ հրահրեցին Ուկրաինայում։ Միրշայմերը նաև շեշտում է, որ սխալ է կարծել, թե Պուտինը ցանակնում է վերադարձնել Խորհրդային պետությունը, նշելով, որ Ռուսաստանը նման ներուժ չունի։ Բացի այդ՝ Արևմուտքը չնայած այլ բան է ասում, սակայն նա ուժի դրսևորման չի գնա հանուն Ուկրաինայի։
Միրշայմերը իրավիճակի լուծումը տեսնում է Արևմուտքի՝ Ուկրաինայից հեռանալու մեջ։ Նա Ուկրաինան պատկերացնում է ոչ արևմտամետ, ոչ ռուսասմետ, այլ ինքնիշխան։ Քաղաքագետն առաջարկում է բոլորի աջակցությամբ վերականգնել Ուկրաինայի տնտեսությունը։ Ըստ հեղինակի՝ Ռուսաստանը գնալով թուլանում է և չի կարող Արևմուտքի համար սպառնալիք լինել, սակայն եթե անգամ հակառակը լինի, ուրեմն Արևմուտքին պետք չէ Ռուսաստանի նման թշնամի։ Բացի այդ, Միրշայմերը շեշտում է, որ Ռուսաստանը ԱՄՆ-ին օգնում է Սիրիայի, Աֆղանստանի, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագրի հարցում, իսկ ապագայում կարող է միավորվել ԱՄՆ-ի հետ՝ ընդդեմ Չինաստանի:
Նա հանգում է նրան, որ Արևմուտքը պետք է հեռանա Ուկրաինայից, առանց հաշվի առնելու այն ծախսերը, որոնք արել է այս երկրի համար և այն վարկանիշի, որը կարող է կորցնել՝ Ուկրաինայից դուրս գալով։ Ընդհանուր առմամբ, եթե Արևմուտքը շարունակի իր քաղաքականությունը՝ կկործանի Ուկրաինան և բոլորը պարտվող կլինեն, իսկ եթե նրանք գործեն բարգավաճ, բայց չեզոք Ուկրաինա ստեղծելու ուղղությամբ, բոլոր կողմերը կհաղթեն։
Ջուլիետա Մկրտչյան