Հայաստանի լողի առաջնությունում լավագույն արդյունք գրանցել են Տոկիոյի օլիմպիական խաղերի երկու մասնակիցները:

Գրանցվել է հանրապետական հինգ ռեկորդ, իսկ մրցողներից երեքը համալրել է  սպորտի վարպետների շարքը՝  Ալեքսանդրա Ավագյան, Արմեն Խաչատրյան և Գագիկ Հայրապետյան: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։ 

Հինգական անգամ պատվանդանի առաջին աստիճանին կանգնել  են Տոկիոյի օլիմպիական խաղերի մասնակիցներ Վարսենիկ Մանուչարյանը և Արթուր Բարսեղյանը:  

Չեմպիոնական արդյունքով առանձնացել են  նաև գյումրեցի բրասիստներ Աշոտ Չախոյանը և Ռուբեն Հարությունյանը:

Առաջնությանը մասնակցած 124 մարզիկ – մարզուհիները ներկայացրել են Երևան, Գյումրի, Վանաձոր, Աբովյան, Էջմիածին և Մասիս քաղաքները: Նրանք հանդես են եկել (տղամարդիկ և կանայք)  տարբեր լողաոճերի 16 մրցաձևերում և տարածություններում:

Առանձնապես հաջող են հանդես  եկել Դավիթ Համբարձումյանի անվան մարզադպրոցի սաները: Սպասելիքները գերազանցել է մայրաքաղաքի Օլիմպավանի աղջիկների թիմը, որը առաջին տեղն է գրավել 4×100 մ համալիր ոճում:

Մասնակիցներից շատերը բարելավել են անձնական ցուցանիշները: Այդ գործում  նշանակալի է  մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի՝ Ծաղկաձորում վերջերս կազմակերպված ուսումնամարզական հավաքի դերը: Հավաքին  մասնակցած ավելի քան 30 լողորդները, ՀՀ առաջնությունում, ավելի արագ են եղել  և իրենց հետևից  տարել են  մյուս  մարզիկներին:

Առջևում բազմաթիվ մրցումներ կան: Պարզապես վերջնականապես ճշտված չեն մրցավայրերը: Նկատի ունենք աշխարհի, Եվրոպայի տարիքային տարբեր խմբերի առաջնությունները, համաշխարհային ուսանողական խաղերը և այլն:

Թերևս  փոփոխություն չկրի Սլովակիայի Բանկա Բիստրիցա քաղաքում նշանակված օլիմպիական  պատանեկան փառատոնի վայրը:

 

664