Դուբայում անցկացվեց սուսերամարտի աշխարհի պատանեկան և երիտասարդական առաջնությունը: Մասնակիցների թվում էին Հայաստանի վեց ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։ 

Երիտասարդ խոցասուսերակիրների մրցաշարի խմբային փուլում Գրիգոր Մնացականյանը և Աշոտ Խալաթյանը, 208 մրցակիցների պայքարում, տարան երեքական հաղթանակ և անցան հաջորդ փուլ: Այստեղ նրանք անհաջողության մատնվեցին և 64 հաջողակաների  խումբ չմտան:  Ասենք, որ Աշոտ Խալաթյանը, նույն՝ խոցասուսեր մրցաձևում իր ուժերը փորձեց նաև պատանիների մրցումներում, որտեղ մեկ հաղթանակ տարավ և դուրս մնաց պայքարից:

Իրենց հաշվին ընդամենը մեկական հաղթանակ գրանցեցին նաև երիտասարդ ճկասուսերակիրներ Համլետ Մխոյանը և Գրիգոր Պապոյանը:

Նույն զենքաձևի խմբային փուլում  տպավորիչ երկու հաղթանակ տոնեց Աիդա Ալոյանը և իր համար տեղ ապահովեց 128 մասնակիցների շարքում: Ավաղ, նա այնուհետև պարտվեց  և վերածվեց հանդիսականի:

Մեր պատվիրակներից միայն պատանի  ճկասուսերակիր Արսեն Դադայանը անկարող եղավ ճաշակել հաղթանակի քաղցրությունը, քանզի նա տանուլ տվեց առաջին իսկ մրցակցին:

Ճիշտ է,  մեր դ’Արտանյանները ձեռնունայն վերադարձան հայրենիք, բայց չպիտի դժգոհել: Նախնական փուլերում նրանց ունեցած հաղթանակները ապագա հաջողության հույս են ներշնչում, եթե, իհարկե, նպատակային աշխատանքներ տարվեն: 

306