Այսօր, ապրիլի 23-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է  Արմավիրի մարզի Նալբանդյան բնակավայրի բնակիչ 72-ամյա Սիրվարդ Հարությունյանը։ Վերջինս ԲԿ էր տեղափոխվել ապրիլի 22-ին, փեսայի կողմից հրազենային վնասվածքներ ստանալու հետևանքով:

Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Ավելի վաղ աղբյուրը տեղեկացրել էր, որ ապրիլի 22-ին հրազենի գործադրմամբ սպանություն և սպանության փորձ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 00։15-ի սահմաններում ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Արմավիր գյուղից դեպի Նալբանդյան գյուղ տանող ճանապարհահատվածում կրակոցներ են հնչել, և ըստ ահազանգողի՝ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, 1 հոգի էլ գետնին ընկած է։

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 00։05-ի սահմաններում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրի բնակիչ 44-ամյա Լաերտ Հարությունյանն իր աներոջ՝ Նալբանդյան բնակավայրի բնակիչ 69-ամյա Էդիկ Մարտիրոսյանի տան բակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է աներորդու՝ նույն բնակավայրի բնակիչ 41-ամյա Արամ Մարտիրոսյանի հետ, որի ժամանակ:

Նախնական տեղեկություններով հայհոյանքներ է հնչեցվել Լ․ Հարությունյանի հասցեին, ինչի ժամանակ էլ Լ․ Հարությունյանն իր մոտ եղած ողորկափող հրացանով կրակոցներ է արձակել Ա․ և Է․ Մարտիրոսյանների, ինչպես նաև Է․ Մարտիրոսյանի կնոջ՝ 72-ամյա Սիրվարդ Հարությունյանի ուղղությամբ։

Կրակոցների հետևանքով Էդիկ Մարտիրոսյանը գլխի շրջանում ստացված հրազենային վնասվածքից տեղում մահացել է, իսկ Արամ Մարտիրոսյանն ու Սիրվարդ Հարությունյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին «Արմավիր» բժշկական կենտրոն։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 5 կրակված պակուճ, կրակոցից արձակված կոտորականեր, արնանման հետքեր և արնոտ հողաթափեր։

2447