Ներսեսը երբեք չէր ճառում ազգային արժանապատվությունից, այլ սեփական օրինակով էր կերտում այն` առերեսվելով վտանգին դեմ հանդիման։ Հենց այս տողերով են բնորոշում լեգենդար հրամանատար Ներսես Ներսիսյանին բոլոր նրանք, ովքեր հերոսի կողքին են եղել իր կերտած մարտական ուղու առաջին իսկ օրից:

Հրամանատարը, դեռ 1990-ականներից եղել է յուրաքանչյուր մարտական գործողության ամենաթեժ կետերում, առաջնորդվել միայն մեկ գաղափարով` «Կռվել զենքով, հաղթել ոգով ու սրբանալ արյամբ»` գեթ մեկ վայրկյան չմտածելով մահվանը դեմ հանդիման կանգնելու կամ նրան պարտվելու մասին:

Ներսեսի քրոջ` Վարսենիկի խոսքով, հրամանատարի հաղթանդամ մարմնի եւ անկոտրում կամքի կողքին նկատելի էր նաեւ անսահման փխրուն հոգու թուլությունը: Դեռ երիտասարդ տարիքից իր հայրենակիցներին զենքով պաշտպանելուց զատ, Ներսեսն իր առաքելությունն  էր համարում նաեւ ձեռք մեկնելը բոլոր նրանց, ովքեր մնացել էին միայնակ իրենց խնդիրների հետ.

«Երբ սումգայիթյան իրողությունները սկսվեցին, չնայած նրան, որ մենք բազմանդամ ընտանիք էինք, Ներսոն այլ ընտանիք էլ բերեց մեր տանն ապրելու։ Իր սենյակը տրամադրելով նրանց` ինքը քնեց միջանցքում: Հետո, երբ հիմնարկներից մեկը մեզ տուն առաջարկեց, այդ առաջարկից էլ հրաժարվեց ու տունը հանձնեց մեր տանն ապրող ընտանիքին»:

Քույրն արցունքն աչքերին է  հիշում` չէին հասցնում աչք թարթել` Ներսեսն արդեն մարտի թեժ կետերում էր.

«Այնպիսի խորամանկությամբ էր հայտնվում մարտի դաշտում, որ մեր ընտանիքից ոչ ոք չէր էլ կռահում: Շատ հաճախ հենց «Լրաբեր»-ից էինք տեղեկանում, թե ուր է, ԼՂ-ի որ հատվածում, երբեք չեմ մոռանա այն, որ հեռուստացույցով տեսանք ինչպես է ինքնաթիռից իջնում Մարտակերտ օգնություն տանելու, մինչդեռ մեզ ասում էր, ընկերոջ հետ գնում է Ռուսաստան»:

Մարտական ընկերները յուրաքանչյուր հավաքույթի ժամանակ Ներսեսի կենացն առաջինն են խմում, վստահ են` «գործը շարունակել» են: Հատ առ հատ վերլուծում են հրամանատարի հաջողությամբ պսակված օպերացիաներն ու զարմանում վերջինիս մտքի խորամանկության վրա, քանի որ Ներսեսի մշակած օպերացիաների զոհերի առավելագույն քանակը մեկն էր.

«1989 թ.-ից մարտական ընկերներ ենք եղել, բացառիկ հրամանատար էր, անվախ սպա: Ամսաթիվ, որն այսօրվա պես հիշում եմ՝ 1994-ի ապրիլի 24-ն էր, Թալիշը վերցնելիս դիպուկահարները մեզ թիրախավորել էին, Ներսոն դիպուկահարի կրակոցից վիրավորվեց, բայց հրաշք կատարվեց ու Աստված փրկեց ընկերոջս: Աննշան ներքեւ լինելու դեպքում Ներսոյի նման սպային վաղուց էինք կորցրել»:

Հրամանատարն անգամ վիրավոր վիճակում երբեք թույլ չէր տալիս, որ իրեն խղճան կամ զգան, որ օգնության կարիք ունի։ Ընկերները հիշում են` անգամ արնաքամ վիճակում, երբ մեջքի բացվածքն այնքան մեծ էր, որ տեսանելի էր սրտխփոցը, կատակում էր, ասելով` չկպնեք հա, թե չէ սիրտս կանգնացնողը դուք եք լինելու:

2000-ականներին եւս Ներսիսյանը չի դադարեցրել իր կռիվը հանուն ազատ-անկախ հայրենիքի, հակառակը, չնայած իր արդեն կես դար ապրած կյանքին ու պատերազմ մեկնելու արգելքներին՝ մասնակցել է նաեւ 2016 թ. Քառօրյա պատերազմին: Ապրիլի 2-28-ը, լինելով «Բաղրամյան»-ի ԵԿՄ նախագահ, գտնվել է Ջաբրայիլում` գլխավորել «Բաղրամյան»-ի ջոկատը.

«Եղբայրս միշտ նշում էր` որտեղ տղերքս` էնտեղ էլ ես, մի վայրկյան իր զինվորներին միայնակ չի թողել, հակառակը, շատ անգամներ զինվորների հետ ինքն էլ է գնացել այնպիսի վայրեր, ուր կարող էր նաեւ չգնալ, քանի որ հրամանատար էր ու կարող էր հրամաններ տալ միայն»:

Վարսենիկի խոսքով, 2020 թ. պատերազմի սկսվելուն պես Ներսիսյանը փնտրում էր գեթ մեկ հնարավոր ճանապարհ, որով կկարողանա հնարավորինս շուտ հասնել ԼՂ ու իր զինվորների հետ շարքում կանգնել առաջինը.

«Պատերազմի սկսվելու լուրն իմանալուն պես իր տեղը չէր գտնում, 57 տարեկան էր արդեն, իրեն չէին էլ թողնում գնար, բայց խաբարի չէր էլ սպասում, մտածում էր` եթե հայրենիքը նեղության մեջ է, պատերազմական վիճակ է, իր տեղը Հայաստանում կամ որեւէ ապահով վայրում չի, այլ Ղարաբաղում է, որտեղ ամենաշատն ունեն իր կարիքը»:

Երեք օր՝ եւ Ներսեսն արդեն մարտական գործողության էր, փորձառու հրամանատարի հոգու տոկունությունը ոգեւորել եւ վարակել էր երիտասարդությանը: Այս ամենի վառ ապացույցը 100 հոգանոց ջոկատն էր, որը հավաքվեց ընդամենը մի քանի ժամում.

«Իր հրամանատարությամբ 100 հոգուց բաղկացած ջոկատով մարտեր է մղել Եղնիկներում: Մինչեւ վերջին րոպեները անձնվիրաբար պաշտպանել է իրեն վստահված դիրքը՝ գեթ մեկ վայրկյան չմտածելով նահանջի մասին»,- ասում է քույրը:

Ներսես Ներսիսյանի մարտական ուղին, որն ավելի շատ կեսդարյա կյանքի ճանապարհ էր դարձել վերջինիս համար, ընդհատվեց կռվի 12-րդ օրը: 2020 թ. հոկտեմբերի 13-ին բեկորային վնասվածքից զոհվեց հրամանատարը:

Էդգարը, որը հրամանատարի սիրելի զինվորներից էր, միակն էր, որ եղել է Ներսիսյանի կողքին մինչեւ վերջին շունչը։ Կոկորդը սեղմելով է հիշում` ինչպես էր վերջին րոպեներին համբուրում հրամանատարի ձեռքերը.

«Հրամանատարս մինչեւ Մարտակերտ շնչեց, հետո... նույն շտապօգնության մեքենայի մեջ ենք եղել, ես ոտքից էի վիրավոր, բայց էդ վիրավորումից չէի մեռնի, դրա համար ինձ ցավացնելով մի կերպ ամեն ինչ անում էի, որ հրամանատարիս հարմար լինի: Ամբողջ ճանապարհին հույս էի տալիս հրամանատարիս, փաթաթվում էի, պաչում, ձեռքերն էի սիրում, դեմքը արնոտ էր, արյունն էի մաքրում... կորցրեցի հրամանատարիս անվերադարձ»:

Էդգարի ընտանիքը զավակի է սպասում, հրամանատարի պատվին նրա անունով է կոչելու իր զավակին: Ներսեսի անունն են կրում նաեւ իր թոռնիկն ու մարտական ընկերներից մեկի տղան: Քույրն ասում է` այս հրաշքներն են, որ օգնում են զգալ` կյանքը շարունակվում է...

Ամփոփելով Ներսեսի պատմությունն ու նրա անցած ուղին` բնորոշումը հետեւյալն է` «Նա միշտ առաջինն էր վտանգի, մահվան եւ վերջինը դեպի կյանք եւ ապահովություն տանող ճանապարհներին»:

Աննա ՉԻԲՈՒԽՉՅԱՆ

 

2030