Ազատազրկված Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նյարդաբանական և ֆիզիկական վիճակն այնքան ծանր է, որ մոտ է հաշմանդամության, անգամ մահվան, նա բուժման կարիք ունի արտերկրում,- ասել է Վրաստանի օմբուդսմենին կից ստեղծված խորհրդի անդամ Օթար Թոիձեն։ «Ժամանակը սուղ է, վիճակն այնքան ծանր է, որ անհապաղ բուժման կարիք ունի արտերկրյա ինչ-որ կլինիկայում...

Մենք ասացինք, որ գործընթացը աստիճանաբար հիվանդին կտանի հաշմանդամության, իսկ հետո, հնարավոր է, մահվան։ Հիմա մենք մոտեցել են այդ կետին: Չգիտեմ՝ հնարավո՞ր է նրան հետ բերել նախկին վիճակին՝ ելնելով այն նյարդաբանական պրոցեսներից, որոնք այժմ դիտարկվում են նրա մոտ...

Մի՞թե մենք մահացած նախագահին պետք է ցույց տանք, որ բնակչությունը հավատա, - երկար դադարից հետո քաղաքական գործչին այցելելուց հետո լրագրողներին հայտնել է բժիշկը։ Ավելի վաղ Վրաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հերքել էր ընդդիմության տարածած տեղեկատվությունը Սաակաշվիլիի առողջական վիճակի կտրուկ վատթարացման մասին։

Ծառայության տվյալներով՝ քաղաքական գործիչը գտնվում է շուրջօրյա ինտենսիվ բժշկական հսկողության տակ և ապահովված է բոլոր բժշկական ծառայություններով։ Անցյալ շաբաթ Սաակաշվիլին դատական նիստի ժամանակ հայտարարել էր, որ իրեն թույլ է զգում, չի կարող ուտել և վերջին մի քանի օրվա ընթացքում նիհարել է 12 կիլոգրամով:

Դատական նիստի մեկնարկից 5 րոպե անց Սաակաշվիլին ընդհատել էր իր ելույթը և խնդրել բժշկի օգնությունը։

1943