«Հայաստան» խմբակցությունն առաջարկել էր Քրեական օրենսգրքում մի շարք փոփոխություններ կատարել՝ կապված Հայոց ցեղասպանության հերքման կամ արդարացման հետ։ Մինչդեռ կառավարության ներկայացրած հիմնավորումից հասկանալի է դառնում, որ ընդդիմադիր պատգամավորների ներկայացրած առաջարկները հիմնականում արդեն սահմանված են նոր Քրեական օրենսգրքում։

Նոր օրենսգիրքն արդեն ընդունվել է 2021 թվականի մայիսի 5-ին և ուժի մեջ կմտնի այս տարվա հուլիսից։ Ըստ էության, ընդդիմադիր պատգամավորների առաջարկը նորություն չի պարունակում, որովհետև առաջարկվում է քրեականացնել այն, ինչն արդեն քրեականացված է։ Ընդդիմությունն առաջարկել է փոփոխություն կատարել Ցեղասպանության ժխտման համար ՀՀ քրեական օրենսգրքում նախատեսված հոդվածներում, գուցե տեղյակ չլինելով, որ Քրեական օրենսգիրքն արդեն իսկ փոփոխված է։

ՀՀ քրեական գործող օրենսգրքի համապատասխան կարգավորումների վերլուծության ներքո նախևառաջ պետք է հստակ փաստել, որ օրենսդիրը, հաշվի առնելով քննարկվող հանցակազմի կարևորությունը և վտանգավորությունը, արդեն իսկ նախատեսել է նման դեպքերում քրեական պատասխանատվություն։

ՀՀ քրեական նոր օրենսգրքի 136-րդ հոդվածն իր հերթին պատասխանատվություն է նախատեսում ցեղասպանությունը կամ մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելու, արդարացնելու, դրանք քարոզելու կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելու համար, եթե դա կատարվել է ռասայական պատկանելության, մաշկի գույնի, ազգային կամ էթնիկ ծագման կամ կրոնական պատկանելության հիման վրա՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու նպատակով: Ինչպես տեսնում ենք, գործող և նոր քրեական օրենսգրքերով արդեն իսկ սահմանված են ազգային, ռասայական, էթնիկ կամ կրոնական ատելության հիմքով ցեղասպանությունը և մարդկայնության դեմ ուղղված այլ հանցագործությունները հերքելու, արդարացնելու և դրանք քարոզելու դրսևորման դեմ պայքարի բավարար կառուցակարգեր։

Այսինքն՝ ԱԺ ընդդիմությունն առաջարկել էր ընդունել մի բան, որն արդեն առկա է գործող կարգավորումների ուժով, և Հայոց ցեղասպանության հրապարակային հերքումը և արդարացումն արդեն իսկ քրեականացված են: Ընդդիմադիրների առաջարկած փոփոխությունները ժամանակավրեպ են։ Ուստի բնական է, որ այդ հիմնավորմամբ և նաև այն պատճառով, որ ՀՀ քրեական նոր օրենսգիրքը, որն ավելի համապարփակ և միջազգային պարտավորություններին համապատասխան կարգավորումներ է նախատեսում խնդրո առարկայի առնչությամբ, ուժի մեջ է մտնելու 2022 թվականի հուլիսի 1-ից։

ՀՀ քրեական գործող օրենսգրքում փոփոխությունների կատարումը ժամանակային առումով դառնում է աննպատակահարմար։ Այս հիմնավորումներով կառավարությունն առաջարկել է ձեռնպահ մնալ «Հայաստան» խմբակցության կողմից նախագծերով առաջարկվող փոփոխությունների կատարումից։
 

 
2839