

Տարածաշրջանային խնդիրների ինստիտուտի գիտական ղեկավար Դմիտրի Ժուրավլյովը «RBC TV» հեռուստաալիքի եթերում անդրադարձել է վերջին օրերին Հայաստանում անցկացվող ընդդիմության ցույցերին։ Նա խոսել է Հայաստանի համար այդ նոր քաղաքական ճգնաժամի նշանակության մասին, և արդյոք ՀՀ իշխանությունները պատրաստ են գնալ զիջումների։
«Հայաստանում ցույցերը դարձել են սովորական երևույթ, որոնք մեկ սկսվում են, մեկ՝ մարում։ Ընդհանուր առմամբ, այս ցույցերը վերոնշյալ ընդհանուր պատկերից են, որոնք, ցավոք, կշարունակվեն»,- նշել է քաղաքագետը՝ հավելելով, որ այն սկսվեց, որովհետև Փաշինյանը հայտարարեց, որ պատերազմը եղել է վաղուց, իսկ այժմ կա խաղաղություն եւ պետք է խաղաղության հարցերը լուծել։ «Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բախումից հետո հայտնվեց Փաշինյանը, որն իր վրա վերցրեց խաղաղության մասին խոսելու պատասխանատվությունը՝ այո՛, այն առաջարկվել էր Ռուսաստանի կողմից, սակայն Հայաստանի կողմից ստորագրեց նա»,- նշել է Ժուրավլյովը։
Նա նաև նկատեց, որ Հայաստանի բոլոր նախագահները, վարչապետերը, որոնք եղել են Փաշինյանից առաջ, կա՛մ Ղարաբաղից էին, կա՛մ կապ ունիեն Ղարաբաղի պատերազմի հետ՝ գեներալների մակարդակով։ «Փաշինյանը առաջինն էր Լևոն Տեր-Պետրոսյանից հետո, որը կապ չուներ այս պատմության հետ․ սա սկզբունքային առճակատում էր Հայաստանում։ Երկրում այժմ մի մասն ասում է՝ պետք է մինչև վերջ պաշտպանել Ղարաբաղը՝ այն Հայաստանն է, մյուսն ասում է՝ եկեք լուծենք ներքին խնդիրները։ Սա տակտիկական առճակատում չէ, սա առանձին՝ վարչապետի հրաժարականի հարց չէ, այս հարցը Հայաստանի սկբունքային ռազմավարության հարցն է։ Սկզբունքն այն է, որ կան մարդիկ, որոնք կարծում են, որ պետք է պաշտպանել իրենց պահանջները, մյուսները կարծում են, որ ամեն գնով պետք է պաշտպանել խաղաղությունը։ Այստեղ ասել՝ ով է վատ կամ լավ, սխալ է»,- շեշտել է քաղաքագետը։
Նա նաև անդրադարձել է Փաշինյանի` պետք է իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը մտքին՝ նշելով, որ Փաշինյանի համար կարևոր է տնտեսական իրավիճակը լավացնել. «Սակայն պետք է նշել, որ նա չի ասում Ղարաբաղը կարևոր չէ։ Նա չի ասում, որ պարտադիր պետք է Ղարաբաղը հանձնել, նա նաև չի ասում, որ այն պետք է պաշտպանել ամեն գնով, ահա ամբողջ հակասությունը։ Պարզ է, որ նրանք Փաշինյանի դեմ են, որովհետև նա առաջին վարչապետն է այս ալիքից։ Հայտնի չէ՝ ով կլինի հաջորդը, սակայն նա դեռ միակ քաղաքական գործիչն է Հայաստանում, որը բարձրաձայն ասում է, որ Ղարաբաղը Հայաստանի հիմնական խնդիրը չէ»։
Ժուրավլյովը շեշտել է, որ հասարակության մի մասը նրան աջակցում է, եթե այդպես չլիներ, ապա նա չէր հաղթի նախկին նախագահին, չէր հաղթի գեներալներին, որոնք, մեղմ ասած, դիվանագիտական մոտեցում չունեին։
Քաղաքագետի կարծիքով՝ իրավիճակի կտրուկ փոփոխությունը Հայաստանում (որը Ռուսաստանի հիմնական դաշնակիցն է և ՀԱՊԿ-ի հիմնական անդամներից) պատահական չէ, քանի որ Հայաստանում քաոսը կարող է հարվածել մեր դաշնակցային հարաբերություններին։
«Ընդդիմությունը չունի ծրագիր, իսկ Փաշինյանը ուներ ստրատեգիա՝ բարելավել երկրում իրավիճակը, իսկ այժմ ամբողջ ընդդիմությունը կառուցված է հակասման սկզբունքի վրա՝ հայտարարելով, որ «եթե գնա Փաշինյանը, հետո լավ կլինի»։ Հիշե՛ք, նույն հայտարարությունները Կիևում էին՝ «մենք կհանենք Յանուկովիչին և կապրենք ինչպես Եվրոպայում»։ Երկու դեպքերն էլ ունեն որոշակի նմանություններ»,- նշել է Ժուրավլյովը՝ եզրափակելով միտքը նրանով, որ մարդկանց թվում է, թե մեկ մարդու հրաժարականը կարող է լուծել երկրի խնդիրը, ինչը իլյուզիա է, որը հաճախ ընդգրկում է մեծ ծավալներ։
Տեսանյութում կարող եք դիտել 31։01 րոպեից՝ անցնելով հղումը։