«Նախորդ մասնակցության համեմատ ավելի բարձր արդյունք ցուցաբերելու դեպքում ուսուցիչը հավելավճար է ստանում վերջին արդյունքի հիման վրա, իսկ  նախորդ մասնակցության համեմատ ավելի ցածր արդյունք գրանցելու  պարագայում հավելավճարը պահպանվում է արդեն տվյալ պահին սահմանված  ժամկետով»,- Araratnews.am-ի հետ զրույցում ասաց  EduArmenia նախաձեռնության վերապատրաստող մասնագետ Գոռ Մսրիկյանը` պարզաբանելով վերջերս կառավարության ընդունած՝ ուսուցիչների կամավոր ատեստավորման նոր կարգը։  Նա հայտնեց, որ ուսուցչի երկրորդ մասնակցության ժամանակ գրանցած ավելի ցածր արդյունքը հաշվի չի առնվելու, իսկ բարձրի դեպքում վերջինս, բնականաբար, շահելու է:

Ըստ ներկայացված կարգի` այն ուսուցիչները, որոնք անբավարար արդյունք կգրանցեն, ենթակա կլինեն պարտադիր վերաատեստավորման արդեն հաջորդ տարի:

Վերապատրաստող մասնագետը սեփական պրակտիկայի ընթացքում նկատել է` կամավոր ատեստավորման կարգի վերաբերյալ ուսուցիչների արձագանքները հակասական են. մի մասը դրական է համարում փոփոխությունը, քանի որ վստահ է՝ նման ձևաչափը թույլ կտա էականորեն բարձրացնել իր աշխատավարձը, իսկ որոշներն էլ ընդգծված բացասական վերաբերմունք ունեն.

«Շատ ուսուցիչներ կարծում են, որ մանկավարժի գիտելիքները ստուգելը անպատվաբեր և նվաստացուցիչ գործընթաց է, ուստի պետք է բարձրացվեն բոլոր ուսուցիչների աշխատավարձերը՝ առանց նման թեստավորումների»։

Մսրիկյանի դիտարկմամբ, այդ ուսուցիչների զգալի մասը տարակուսած են, քանի որ վստահ չեն իրենց մասնագիտական կարողությունների վրա. «Մինչ նրանք այդկերպ են մտածում` ավելի քան 470 ուսուցիչ մասնակցում եւ հաղթահարում է կամավոր ատեստավորման համար սահմանված անցողիկ շեմը, ուստի շատ շուտով այդ ուսուցիչները կունենան աշխատավարձի զգալի բարձրացում»:

Կամավոր ատեստավորման կարգի ընդունումից անմիջապես հետո բուհերի մի շարք դասախոսներ հանդես եկան ֆեյսբուքյան գրառումներով, հիմնականում հարց բարձրացնելով` ինչու նման մի կարգ էլ չի սահմանվում դասախոսների կամ գիտության ոլորտի ներկայացուցիչների համար։ Ըստ Մսրիկյանի` գիտնականների և դասախոսների դեպքում նման կարգը կարող է արդյունավետ չլինել. «Գիտությամբ զբաղվողների և դասախոսների համար այսօր առկա են բազմաթիվ պետական և միջազգային դրամաշնորհային ծրագրեր, որոնք մի կողմից գիտահետազոտական աշխատանքներով զբաղվելու, փորձի փոխանակման լայն հնարավորություններ են ընձեռում, մյուս կողմից շահավետ են ֆինանսական տեսանկյունից։ Նման հնարավորությունները բավականին մեծ են, ուստի ցանկացողները կարող են հետաքրքրվել, դիմել հենց այդ ծրագրերին և դրամաշնորհներին»:

Եզրափակելով զրույցը՝ Մսրիկյանը նշեց, որ նախկինում եւս եղել են քննարկումներ ու առաջարկներ այս կարգի ընդունման վերաբերյալ, սակայն պաշտոնապես հաստատված կարգ, որը հնարավորություն կտա ուսուցչին էականորեն բարձրացնել աշխատավարձը, չի եղել։

Ի դեպ, երեկ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հայտնեց`կան ուսուցիչներ, որոնց վարձատրությունը կհասնի 450 հազարի, իսկ ամենաբարձր վարձատրությունն այս պահին՝ առանց տարակարգի հաշվի առնման, կկազմի շուրջ 533 հազար դրամ: 

Աննա ՉԻԲՈՒԽՉՅԱՆ

959