
Ցույցեր իրականացնելու առաջին իսկ օրվանից ընդդիմությունը սակավամարդության պատճառով փորձում է փողոցները փակել համայնքային սեփականություն հանդիսացող գույքով՝ փչացնելով աղբամանները, նստարանները, ինչպես նաեւ փողոցների անունները մատնանշող ուղեցույցները:
Araratnews.am-ը կապ հաստատեց Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչություն` ճշտելու` ընդդիմության հանրահավաքների հետեւանքով առ այսօր քանի գույք է վնասվել, եւ արդյոք որեւէ պատասխանատվության ենթարկվում են այն փչացնողները.
«Այս պահի դրությամբ վնասված աղբամանների թիվը վեցն է, որոնք ենթակա են վերանորոգման: Նստարանների մասով նույնպես սպասում ենք ճշտումների, սակայն դա մի փոքր ժամանակատար պրոցես է, քանի որ դրանց մի մասը վարչական շրջանների պատասխանատվության տակ է»,- պատասխանեց լրատվության վարչության պետ Լեւոն Սարդարյանը, միաժամանակ վստահեցնելով, որ ընդդիմադիր ցուցարարների նման գործելաոճը, բնականաբար, անպատասխան չի մնալու. «Այս պահին ունենք համապատասխան ապացույցները, թե կոնկրետ ում կողմից է փչացվել գույքը, ուստի քրեական գործի սահմանում վնասի հատուցում, վստահաբար, լինելու է»:
Սարդարյանի համար դատապարտելի են նման արարքները, քանի որ ինչպես ինքն է նշում` փչացնել մայրաքաղաքի գույքը, նույնն է, ինչ բոլորս փչացնենք մեր սեփական տան գույքը:
Անդրադառնալով քաղաքի ընդհանուր պատկերին` Սարդարյանը նկատեց, որ այս օրերին այն ավելի է աղտոտվել, որքան էլ Ֆրանսիայի հրապարակում գտնվող ընդդիմության ներկայացուցիչները պնդեն, թե իրենք իրենց ուժերով ապահովում են այդ տարածքի մաքրությունը.
«Այն հատվածը, որտեղ ընդդիմությունն իր դիսլոկացիայի հատվածն է սահմանել, տեխնիկա չի կարող մտնել, իսկ մայրաքաղաքի մյուս մասերում տեխնիկան իր գործը լիակատար շարունակում է անել ու մաքրությունն ապահովվում է նաեւ այս օրերին»:
Աննա ՉԻԲՈՒԽՉՅԱՆ