Կառավարությունը հաստատեց Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը, 2022-2024 թվականների ճանապարհային քարտեզը և արդյունքային շրջանակը, ռազմավարության իրականացման հսկողությունն ու համակարգումն ապահովող անձանց ցանկը:

Նախագիծը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը: «Երևի չափազանցություն չի լինի նշել, որ այս փաստաթուղթը մեր պետության կարևոր փաստաթղթերի ամենակարևոր հնգյակում է. նույնիսկ Սահմանադրությունից հետո»,- ասաց նա և նշեց, որ փաստաթուղթը 3 տարվա բավական ծանր, մեծ աշխատանքի արդյունք է:

Նա տեղեկացրեց, որ ռազմավարության աշխատանքը հիմնական 4 ուղղություններով է լինելու:  «Եղել են դեպքեր, երբ բարեկամներին, ազգականներին մտցրել են համակարգ, և ստեղծվել է քաղծառայության համակարգ, որը բավարար չափով չի խրախուսում, չի ներգրավում, չի կատարելագործում այն կադրերին, որոնք պետք են աշխատանքների իրականացման համար»,- ասաց նա:

Այսպիսով նախարարը պարզաբանեց, որ ռազմավարությունը հստակ տալիս է լուծումները, թե ինչպես պարգևատրել արժանավորներին, ինչպես հետաքրքիր դարձնել պետական ծառայությունը մասնավորի հետ մրցակցության պարագայում:  «Քաղաքական գործիչը կամ պաշտոնյան, նշանակվելով քաղաքական պաշտոնի, ունենում է բարի, լավ ցակություններ, ուզում է իրականացնել լավ գործեր, բայց ինստիտուցիոնալ համակարգը ոչ միայն չի օգնում, այլև տեղ-տեղ, միջին ու ստորին օղակներում նույնիսկ սկսում է խոչընդոտել»,- նշեց նա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երեք տարվա ընթացքում փորձել են վերլուծության ենթարկել պետական մեքենայի աշխատանքը և արձանագրել են, որ այդ «մեքենայի» մեջ կան «ավելորդ և պակասող դետալներ», և այդ «մեքենան» ժամանակակից պահանջներին չի համապատասխանում, այն անհարմար է և վարողների, և ուղևորների համար, երբեմն ավելի է բենզին ծախսում՝ չբացելով բավարար արագություն, երբեմն արգելակները չեն պահում, շրջադարձերի վրա ենք խնդիրներ ունենում և այսպես շարունակ:

«Երբ ասում ենք հանրային կառավարման բարեփոխումներ, նկատի ենք ունենում հետևյալը, որ քաղաքացիների համար կյանքը ավելի հարմարավետ դարձնելու մեխանիզմն աշխատի առավել արդյունավետ. սա շատ մեծ, ծավալուն աշախատանք է, և ես համոզված եմ, որ այդ ծավալուն աշխատանը մենք հետևողականորեն կանենք»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց, որ ժամանակի ընթացքում կան մասնագիտություններ, որոնք վերանում են: «Մեկ էլ մի օր զարթնում ենք տեսնում ենք այդ մասնագիտության անհրաժեշտությունը չկա, այդպես էլ պետական կառավարման համակարգում կան օղակներ: Էդ համակարգը չունենք, որ նշան տա, որ այս օղակը անհրաժեշտ չէ, և մենք վերապատրաստում կազմակերպենք»,- ասաց նա և նշեց, որ այսօրվա որոշմամբ արձանագրում ենք իրագործման փուլի մեկնարկը:

1090