
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թվականի հաստատված բյուջեն կավելացվի 200 միլիոնով՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը բխում է 2022 թվականի Եվրոպայի և աշխարհի առաջնություններին պատշաճ և մարզիկների լավագույն մարզավիճակում մասնակցության ապահովման համար ՀՀ մարզական ֆեդերացիաներին լրացուցիչ գումար տրամադրելու անհրաժեշտությունից:
Խոսելով խնդիրներից՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց միջազգային այսպիսի միջոցառումները:
«Մենք օլիպիական խաղերից 6 ամիս առաջ իմանում ենք, որ մեր ծանրամարտի հավաքականը միջազգային ստանդարտներին համապատասխան ծանրաձող չունի: Այսինքն՝ մեր հավաքականը այստեղ պարապում է ուրիշ ծանրաձողերով, հետո գնում մրցում է ուրիշ ծանրաձողերով: 6 ամիս առաջ, ինձ հետ հանդիպման ժամանակ, պատահական իմանում եմ, հարցը բարձրացնում եմ, որոշում ենք կայացնում, մինչև այդ ծանրաձողերը գալիս են, օլիմպիադային մնում է 16 ժամ: Ի վերջո ծախսեցինք այդ գումարը, բայց չուենցանք այն արդյունքը այն ժամկետում, որն ակնկալում ենք»,- ասաց նա և նշեց, որ դա էլ է ռազմավարական ուղղություն իրենց համար:
Վարչապետն ասաց, որ խնդիր են դրել՝ միջազգային մարզական միջոցառումներ լինեն Հայաստանում և Հայաստանը աշխարհի մարզական քարտեզի վրա պետք է տեղ ունենա: Այն, որ Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունը եկավ Հայաստան, նախ ենթակառուցվածքն է զարգանում, մեզ աշխարհին ներկայացնելու լավ հարթակ է և բացման արարողությունը, որը տեղի ունեցավ, նախ մեր ինքնագնահատականն է բարձրացնում և բարձրացնում է մեր ընկալումը ամբողջ աշխարհում»- ասաց նա: