Սերբիայի Հանրապետությունը չի ցանկանում չճանաչված Կոսովոյի հետ «փոխադարձ ճանաչման» համաձայնագիր ստորագրել, ինչի մասին պնդում է Եվրախորհրդարանն իր բանաձեւում։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը երկրի մայրաքաղաք Բելգրադի մոտ շրջանցիկ ճանապարհի մի հատվածի բացման արարողության ժամանակ։

«Այնտեղ՝ Եվրամիությունում, մարդիկ չեն համապատասխանում բանակցային շրջանակին, որը սահմանել է Եվրահանձնաժողովը և հաստատել է Եվրոպական խորհուրդը: Այդ շրջանակներում գրված է, որ մենք բանակցում ենք հարաբերությունների համապարփակ կարգավորման շուրջ: Բելգրադի եւ Պրիշտինայի միջեւ փոխադարձ ճանաչումը նրանց ցանկությունն է, մենք դա չենք ուզում»,- ասել է Վուչիչը։ Նախագահը վստահություն է հայտնել, որ Սերբիայի խորհրդարանը շուտով կքվեարկի իր խոսքերի օգտին։

Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, ելույթ ունենալով Պրիշտինայում կայացած մամուլի ասուլիսում, կոչ էր արել Սերբիային «պրագմատիկ լինել Կոսովոյի ճանաչման գործընթացում», քանի որ առանց դրա երկիրը չի կարողանա անդամակցել ԵՄ-ին։

Վուչիչը Բելգրադում կանցլերի հետ համատեղ ասուլիսում ասել է, որ Եվրոպան պատմության մեջ առաջին անգամ Բելգրադից պահանջել է չճանաչված Կոսովոյի փոխադարձ ճանաչում, մինչդեռ նախկինում իրադարձությունների նման զարգացում էր փնտրում միայն Միացյալ Նահանգները։

 

1144